NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կառավարությունը ոտնահարում է Օմբուդսմենի իրավունքները
Մարդու Իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր ստիպված էր հերթական անգամ դժգոհել ՀՀ կառավարությունից: Երկրորդ տարին է, ինչ Օմբուդսմենի աշխատակազմին բյուջեով չի հատկացվում հայտագրված գումարը:
Լարիսա Ալավերդյանը հայտարարում է, որ կառավարությունը չի ընդառաջել մարդու իրավունքների պաշտպանի հիմնական խնդրին: Հաշվի առնելով այն փաստը, որ Օմբուդսմենը բողոքներ է ստանում հատկապես մի քանի մարզից` անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի նա ներկայացուցիչներ ունենա Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք կամ Տավուշ մարզերում: Այս ծրագիրը, սակայն, չի իրականացվի, քանի որ բյուջետային հատկացումները չեն բավարարելու, որպեսզի այդ ներկայացուցիչներին վճարվեն աշխատավարձեր:
Այդ առումով Օմբուդսմենը մատնանշեց քաղծառայողների միջին ամսական աշխատավարձը, որը 2006-ին կառավարությունը նախատեսում է դարձնել 100 հազար դրամ: Ըստ տիկին Ալավերդյանի` եթե այդպիսի հնարավորություն տրվեր նաեւ Օմբուդսմենի աշխատակազմին, ապա մեկ դրույքի աշխատավարձը բաժանելով երկու մասի հնարավորություն կստեղծվեր, գոնե 50 հազարական դրամ աշխատավարձով Օմբուդսմենի ներկայացուցիչ ունենալ տարբեր մարզերում:
Չնայած այս ամենին` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրայանն անդրդվելի էր. "Ոչ ոք չի ասում` դուք դրա կարիքը չունեք կամ դա ձեզ պետք չէ: Բայց կառավարությունը դա աննպատակահարմար է համարել: Պաշտպանության նախարարությունն էլ էր հայտ ներկայացրել, բայց բավարարվել է որոշակի տոկոսով: Կառավարությունն ինքն է որոշում իր գերակայությունները":
2006-ի բյուջետային հատկացումներից Լարիսա Ալավերդյանն ունի եւս մի շարք բողոքներ: Մասնավորապես` ի տարբերություն բոլոր պետական կառույցների, որտեղ նախատեսվում են աշխատավարձերի բարձրացում հաջորդ տարվանից, Օմբուդսմենի աշխատակազմին այդ հնարավորությունը չի ընձեռնվել:
Առայժմ անհայտ է նաեւ, թե երբ է կառուցվելու Մարդու իրավունքների պաշտպանի մշտական գրասենյակը: Ներկայումս շենքի վարձակալության համար Օբուդսմենի աշխատակազմի բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվում: Ֆինանսական սղության պատճառով պահակային խումբը չի կարողանում նախատեսված ձեւով իրականցնել շենքի հսկողությունը, քանի որ չկան համապատասխան աշխատանքային պայմաններ:
2006 թվականի բյուջեի քննարկումը՝ Օմբուդսմենի աշխատակազմի ֆինանսավորման մասով, լավատեսական կանխատեսումներով փորձեց ավարտել ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը. "Եթե մեր բյուջեն այս տեմպերով առաջ գնա, ապա հաջորդ տարի (նկատի ունի 2007 թվականը- խմբ.) Ձեր բոլոր խնդիրները կլուծվեն":
Ի դեպ, Լարիսա Ալավերդյանի խոսքերով ստացվող բողոքների թիվն այս տարի աճել է 14-15%-ով:
