NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրոպական Դատարանը պատրաստվում է արագացնել գործերի լսումը
Որքան էլ Եվրոպական դատարանում արդարությունը վերականգնելու հույսերը մեծ են,
դատարան դիմելու գործընթացի ժամանակատարությունը մարդկանց հուսահատեցնում է: Այս
օրերին Հայաստանում է գտնվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Լուցիս Վայլդհաբերը, որն ի պատասխան "Ա1+"-ի հարցերին ասաց.
- Մարդկանց հուսահատությունը արդարացված է, սակայն որքանով էլ Հայաստանի դատական
իշխանության նկատմամաբ հայ քաղաքացիների բացասական տրամադրությունները արդարացված
լինեն, անհրաժեշտ է հնարավորություն տալ ազգային դատարաններին լսել իրենց
քաղաքացիների բողոքները: Միայն այդ դեպքում նրանք կարող են դիմել մարդու
իրավունքների եվրոպական դատարան: Ինչ վերաբերում է գործերի լսման ժամկետներին, ապա
ես համաձայն եմ, որ այն երկար է տեւում, եւ միշտ պայքարել եմ այդ ժամկետները
սեղմելու համար: Այս հարցում ԵԽ անդամ երկրների կառավարությունները եկել են
համաձայնության, եւ ընդունվել է 14-րդ արձանագրությունը, համաձայն որի պետք է ավելի
արագ պատասխան տալ բողոքների հեղինակներին եւ արագացնել գործերի լսումը: Մենք
տարեկան 45 հազար գործ ենք ստանում եւ ի վիճակի չենք դրանք բոլորը լսել:
- Եվրոպական դատարանում Հայաստանից որեւէ գործ մինչ օրս չի լսվել: "Ա1+"
հեռուստաընկերությունը առաջիններից մեկն էր, որ դիմեց եվրոպական դատարան: Արդեն 3
տարի է անցել, սակայն գործը դեռ չի լսվել:
- Ես չեմ կարող անդրադառնալ գործի մանրամասներին: Իսկապես, շատ ժամանակ է անցել, եւ
"Ա1+"-ը կարող է գործընթացի մասին մանրամասներ ստանալ համապատասխան մեխանիզմների
միջոցով:
- Այսօր Հայաստանում շատերը մտահոգված են, որ եվրոպական դատարանի որոշումները կարող
են անտեսվել իշխանությունների կողմից:
- Եվրոպական դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման: Եվրոպական դատարանը
վերահսկողություն է իրականացնում իր որոշումների կատարման համար: Այդ մասին ԵԽ
անդամ պետությունները պարբերաբար զեկուցում են ԵԽ նախարարների կոմիտեին:
- Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ մինչ օրս Եվրոպական դատարանում
Հայաստանից որեւէ գործ չի լսվել:
- Ես ցավում եմ, բայց մենք ի վիճակի չենք լսել բոլոր գործերը: Եվրոպական դատարանն
ունի ընդամենը 4 պալատ, եւ յուրաքանչյուր պալատ ամեն ամիս հրապարակային կարողանում
է լսել մեկ գործ:
Զրուցեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
