NON-GOVERNMENTAL ORGANIZATION
"Նպատակային շինարարություն" իրականացնելու պատճառաբանությամբ վտարում է սպառնում մայրաքաղաքի հյուսիսի մի խումբ բնակիչների
Նոր Նորքից Մարաշ տանող ճանապարհին գտնվող Այգեգործների փողոցի բնակիչները հերթով
շարունակում են դատարանից ստանալ իրենց տներից վտարվելու որոշումներ:
"Խնդրում եմ մեր կառավարությանը, որպեսզի մեզ չկանգնեցնի հանցագործության
ճանապարհին: Եթե գան քանդելու, ինքս գլուխները կջարդեմ", - "Ազատություն"
ռադիոկայանին ասաց վտարման մասին որոշումը առաջիններից մեկը ստացած Սեդա
Միքայելյանը:
Մոտ 400 հեկտար հողատարածք զբաղեցնող 1200 ընտանիքներ իրենց պատկանող տարածքը
2003-ին սկսված ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը սկսելուն պես
իրենց տներն օրինականացնելու դիմում էին ներկայացրել համապատասխան մարմիններին,
սակայն նրանց գերակշռող մեծամասնությանը քաղաքապետի ստորագրությամբ պատասխան էր
եկել, թե նրանց մերժում են` "տարածքում նպատակային շինարարություն իրականացնելու"
պատճառաբանությամբ:
Ստացված գրություններում խոսք անգամ չկար անտառային տարածքները զավթելու մասին:
Մինչդեռ դատախազությունը հենց այդ մեղադրանքով է հայց ներկայացրել դատարան եւ
պահանջել ազատել "պետության համար անտառային նշանակություն ունեցող հողերը":
"Մեր հիմնական պրոբլեմը դատախազության հետ է", - ասաց բնակիչներից Արմեն
Աբրահամյանը: - "Անտառի գրասենյակը մեզ թուղթ տվեց, որ դեռեւս իրենց տարածքները
ճշտված չեն... Բայց դատարանը հաշվի չառավ այդ նամակները":
Բնակիչների պաշտպանությունը դատարանում հենց սեպտեմբերի 13-ին "Հայանտառ"-ից
ստացված պատասխանի վրա էր հիմնվում,ըստ որի իրենց կողմից զբաղեցված տարածքների
պատկանելությունը մինչ այժմ ճշտված չէ, եւ կառավարության ստեղծած հանձնաժողովը
սահմանների ճշտումը դեռ չի ավարտել:
Դատախազությունը, սակայն, դրանք անտառային նշանակության հողեր է համարում, եւ
հերթով բավարարում է բնակիչներին վտարելու հայցերը:
Վտարման վտանգի առջեւ կանգնած բնակիչներին համար անհասկանալի է նաեւ, թե ինչու
նույն վտանգը չի սպառնում շքեղ առանձնատներում ապրողներին, ովքեր ոչ թե իրենց նման
20-30 տարի են ապրում այդ տարածքում, այլ՝ ընդամենը վերջին տարիներին, սակայն
կարողացել սեփականաշնորհման վկայականներ ձեռք բերել:
"Դատավարության ընթացքում եղել են մարդիկ, որ կարողացել են օրինականացնել", -
"Ազատություն" ռադիոկայանին ասաց Ֆրունզե Ալտուկյանը՝ պնդելով, որ իր տան
հարեւանությամբ կառուցված երկու եռահարկ առանձնատները "չեն դրվում քանդման", իսկ իր
տունը, որտեղ ինքը բնակվում է իր 7 անձից բաղկացած ընտանիքով՝ քանդվելու է:
Անցած տարի Ալտուկյանի տնից ոչ հետո՝ Սմբատ Հովհաննիսյանի ընտանիքը, վերջինիս
խոսքերով, բռնի կերպով վտարվեց զբաղեցրած հողատարածքից, որտեղ կառուցվեց
գազալիցքավորման կայան, որը կրկին այս գործընթացներից դուրս է հայտնվել:
"Մի քանի անգամ եկան, երեխաներով, բաներով պաշտպանվեցինք", - "Ազատություն"
ռադիոկայանին պատմեց Հովհաննիսյանը: - "Մի օր էլ կարմիր բերետավորները
բուլդոզերներով եկան, ամբողջովին տակնուվրա արեցին... Ինձ նրանցից մեկը եկավ, քաշեց
մի կողմ, նստացրեց՝ չէր թողնում, որ շարժվեի, բայց ինչ կարող էի անել... Ինչ-որ
ասում են, վարչապետի հովանավորության տակ է եղել: Այդպես ենք լսել":
Բնակիչների համոզմամբ, այս տարածքները իրենցից զավթելը միմիայն մեկ նպատակ կարող է
հետապնդել՝ հարեւանությամբ խոյացող դղյակների շարունակությունը մեծահարուստները
ցանկանում են իրենց քանդվող տների վրա տեսնել:
"Խմդրում եմ դատախազից պատասխան տալ. մի՞թե մենք ավելի քիչ իրավունք ուեննք, քան
մեծահարուստները", - "Ազատություն" ռադիոկայանին վրդովված ասաց բնակիչներից մեկը:
Աստղիկ Բեդեւյան
