NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պաշտպանության խորհուրդ. իրավապաշտպան կազմակերպությունները միավորվում են ի պաշտպանություն կալանավորված զինվորների
Անցյալ շաբաթ մամուլի ասուլիս էին հրավիրել մի շարք իրավապաշտպան
կազմակերպություններ, ներառյալ Հայաստանի հելսինկյան կոմիտեն, որոնք հայտարարեցին
անցյալ տարի Ղարաբաղում երկու զինվորների սպանության համար 15-ական տարվա
դատապարտված զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի և Մուսա Սերոբյանի
պաշտպանության խորհրդի ստեղծման մասին:

(Երեք զինծառայողները դատապարտվել են Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի
սպանության մեղադրանքով: Նրանց մարմինները 2004 թվականի հունվարի սկզբին գտնվել են
զորանոցի մոտակա ջրամբարում: Զալյանը և Սերոբյանը հայտարարել են, որ անմեղ են:
Սարգսյանը խոստովանել է, որ մասնակցել է սպանություններին, սակայն հետագայում
հայտարարել է, որ իրեն տանջելով են ստիպել նման խոստովանություն անել և ցուցմունք
տալ մյուս երկուսի դեմ: Սարգսյանն օգոստոսի 12-ից հացադուլի մեջ է` բողոքելով բոլոր
ներկայացված մեղադրանքների դեմ: Ստորև տես` հարակից հոդվածները):
Իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ երիտասարդ զինվորները
վերջինը չեն զինակոչիկների այն երկար շարքում, որոնք ենթարկվում են դաժան
վերաբերմունքի ու բռնությունների, իսկ այս դեպքում` ակնհայտ անօրինականության, որը
լայնորեն տարածված է հայկական բանակում:
Նորաստեղծ խորհրդի հայտարարության մեջ մեղադրվում է զինվորական դատախազությունը
զինվորների հետ կապված գործերի քննության ընթացքի, դատական վարույթի և հարակից
բոլոր իրավական հարցերում ճնշում գործադրելու համար: Խորհուրդը պնդում է, որ
դատախազությունը դիմում է այդ քայլերին` փորձելով պաշտպանել գումարտակի հրամանատար
Իվան Գրիգորյանին, որը, դատապարտվածների պաշտպանների համոզմամբ, պատասխանատու է
սպանությունների համար:
Խորհուրդը նաև պնդում է, որ դատարանը ոչինչ չի անում պաշտպանելու մեղադրյալների
ընտանիքի անդամներին և նրանց պաշտպանող փաստաբաններին մեղադրող կողմի աջակիցների
սպառնալիքներից:
«Այն հանգամանքը, որ դատարանը միջոցներ չի ձեռնարկում նման գործողությունների դեմ,
ապացուցում է նրա կախվածությունը զինվորական դատախազությունից»,- ասվում է խորհրդի
հայտարարության մեջ:
Խորհուրդը, ինչպես նաև դատապարտվածների փաստաբանները, քննադատում են դատարանին
Գրիգորյանին հարցաքննության չկանչելու համար: ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան
Օհանյանը միջնորդել է Գրիգորյանի դեմ քրեական գործ չհարուցել` նշելով, որ
ղարաբաղյան պատերազմի մասնակիցն «ազգային հերոս է և զղջացել է»: «Ինչի՞ համար է
զղջացել Իվան Գրիգորյանը` այդպես էլ անհասկանալի մնաց թե նախաքննության և թե
դատաքննության ընթացքում»:
Զալյանի, Սարգսյանի և Սերոբյանի աջակիցները կազմակերպել են բազմաթիվ ասուլիսներ ու
հրապարակային ելույթներ, այդ թվում` բողոքի ցույցեր ՀՀ նախագահի նստավայրի ու
գլխավոր դատախազության առջև:
«Մենք պատերազմ ենք հայտարարելու զինդատախազության քայլերի դեմ,- ասում է
իրավապաշտպան Արթուր Սաքունցը: - Միակ ճանապարհը խորհրդի ձևավորումն է և
հասարակական ակցիաները, որոնք ուղղված կլինեն ոչ միայն 3 երիտասարդների, այլև
զինդատախազությունից տուժած բոլոր քաղաքացիների պաշտպանությանը»:
Իսկ առայժմ վերաքննիչ դատարանը հետաձգել է Սարգսյանի գործի լսումը` հացադուլի
հետևանքով վատացած առողջական վիճակի պատճառով:
Սարգսյանին պաշտպանող փաստաբանները` Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Ոսկանյանը և Աշոտ
Աթոյանը, չեն տեսակցել իրենց պաշտպանյալի հետ օգոստոսի 25-ից: Մեկուսարանի
ղեկավարությունը թույլ չի տալիս նրանց հանդիպել Սարգսյանի բանտախցում և միաժամանակ
ասում է, թե Սարգսյանը չափազանց թույլ է և չի կարող գալ հանդիպման սենյակ:
«Խախտվել է մեր պաշտպանական իրավունքը: 22 օր է զրկված ենք մեր պաշտպանյալին
տեսնելու հնարավորությունից: Եթե նրա վիճակն այդքան ծանր է, ինչո՞ւ չեն տեղափոխում
հիվանդանոց»,- բողոքում է Փոստանջյանը, որը համոզված է, թե իր պաշտպանյալին
մեկուսացնելը հոգեբանական ճնշում գործադրելու միտում ունի:
Մեկուսարանի պետն ասում է, թե Սարգսյանի առողջությունը վատ չէ, և նրան կտեղափոխեն
հիվանդանոց, եթե նրա կյանքին սպառնալիք առաջանա:
Երկուշաբթի փաստաբանները գրություն են ստացել մեկուսարանից, որում մասնավորապես
ասված է. «Կալանավորված անձանց առողջության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը չեն
տրամադրվում, բժշկական քարտերը գաղտնի փաստաթղթեր են»:
Սարգսյանի փաստաբանների հավաստմամբ` 19-ամյա պատանին երիկամի սուր ցավեր ունի, չի
կարողանում քայլել, հազիվ է խոսում:
Ժաննա Ալեքսանյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
