NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վտարումը ժամանակավորապես դադարեցվել է
Բուզանդ փողոցի տները նմանվել են երկրաշարժից մնացած փլատակների: Կենտ բակերից
կանգուն են մնացել մի քանի տներ: Դրանցից են 15 եւ 17 բակերի տները: Մինչ վերջերս
այդ տների բնակիչներն ամեն վայրկյան սպասում էին դատական ակտերի հարկադիր կատարման
(ԴԱՀԿ) աշխատակիցներին:
Սեպտեմբերի 12-ին, բնակիչների համար բոլորովին անսպասելի, ԴԱՀԿ-ից ստացել են
որոշում կատարողական գործողությունները հետաձգելու մասին: Պարզվում է, որ տվյալ
տարածքի իրացումն իրականացնող պահանջատերը՝ "Վիզկոն" ՍՊԸ-ն, 12.09.05թ. դիմում է
ներկայացրել կատարողական գործողությունները հետաձգելու վերաբերյալ:
Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարեն
Դավթյանից ճշտեցինք, որ բնակիչների վտարումը հետաձգվել է մեկ այլ պատճառով եւս.
Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում իրականացվում է մեկ այլ շինարարություն եւ
բնակիչներին "վտարողները" ներկայումս զբաղված են այդ աշխատանքով: Պարոն Դավթյանը
մեզ հետ զրույցում նաեւ շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ բնակիչների հետ
"փոխհամաձայնության են գալու":
Ի ուրախություն բուզանդցիների, այսօր արդեն չկա ոստիկանական պահակախումբը, որը
շուրջօրյա վերահսկում էր տարածքը: Սակայն վտարումը հետաձգելու որոշումը եւ
ոստիկանության բացակայությունը չի հուսադրում բնակիչներին, նույնիսկ նրանցից ոմանք
կարծում են, որ "ուզում են հանդարտացնեն, բթացնեն ժողովրդին, մի քիչ էլ իրարից
անջատվեն, նոր գան վտարեն": Վտարման դադարեցումը վստահություն չի ներշնչում
քաղաքացիների մոտ եւ նրանք հայտարարում են, որ "միեւնույնն է մինչեւ վերջ գնալու
ենք":
Ի դեպ, եթե բուզանդցիներին կրկին փորձեն վտարել, նրանք պայքարի նոր ծրագիր են
մշակել, որն առայժմ չեն բարձրաձայնում, որպեսզի իշխանությունները նախօրոք չկանխեն:
