NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նախընտրական շրջանում արձանագրված թերությունները կարող են լրջորեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա:
"Ընտրությունը քոնն է" հկ-ն տեղական դիտորդական առաքելություն է իրականացնելու
2005թ. սեպտեմբեր-հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում: Ս.թ.
օգոստոսին ԸՔ հկ-ն սկսել է ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկումը: Դիտարկվել
են քաղաքական մթնոլորտը, թեկնածուների առաջադրման գործընթացները, քաղաքական ուժերի
մասնակցությունն այդ գործընթացներում, ՀՀ ԿԸՀ նիստերը, ընտրությունների
կազմակերպմանը վերաբերող որոշումների ընդունման ընթացքը, ԸԸՀ-ների ձևավորումը,
քարոզարշավների մեկնարկը, քարոզչական նյութերը, ընտրացուցակները:
Դիտարկված փաստերից մտահոգիչ են`
- ՀՀ ԿԸՀ` "ՀՀ ընտրական օրենսգրքի" պահանջներից և ոգուց չբխող, իր
իրավասությունների գերազանցումով ընդունած որոշումները, որոնցով, մասնավորապես,
զգալիորեն սահմանափակվում են տեղական դիտորդների և վստահված անձանց
իրավունքները: - ընտրական օրենսդրության թերությունները և դրանցից բխող վտանգները: Դրանք
վերաբերվում են ընտրակարգին, ընտրացուցակների հատկացման կարգին և այլն, որոնց
կիրառման դեպքում ընտրախախտումների հավանականությունը մեծանում է: - ընտրական հանձնաժողովներում ուժերի բաշխման անհավասարակշռությունը և
հանձնաժողովների անդամների ` ընտրական օրենսդրության ոչ բավարար իմացությունը:
ԸԸՀ-ների ղեկավար կազմերում ուժերը համատարած կերպով անհավասար են բաշխված: - ընտրացուցակների մեծ չափերի հասնող անճշտությունները: Ընտրողների
ցուցակներում բազմաթիվ են մահացած մարդկանց, տվյալ ընտրատեղամասերում ընդգրկված
բնակավայրերում գրանցում չունեցող անձնաց անունները: Փոխարենը` շատ են ԸՔ հկ
դիտորդների կողմից արձանագրված փաստերը, երբ ընտրացուցակներում չկան գրանցում
ունեցող ընտրողների անունները: - քաղաքական ուժերի զգալի պասսիվությունը ՏԻՄ ձևավորման գործում:
- ընտրագործընթացների և թեկնածուների վերաբերյալ լայնորեն հեռարձակվող
(հատկապես հանրային) ԶԼՄ-ներում ամբողջական և չեզոք լրատվության պակասը:
"Ընտրությունը քոնն է" հկ-ն իր մտահոգությունն է հայտնում դիտարկված
թերությունների վերաբերյալ և առաջարկում`
- ՀՀ ԿԸՀ-ին վերանայել, մեր գնահատմամբ, ԸՕ-ի խախտումով ընդունած որոշումները
և միանշանակորեն առաջնորդվել ՀՀ ԸՕ-ի դրույթներով: - ՀՀ ԸՕ-ում փոփոխություններ կատարելով ` շտկել ընտրակարգի խախտումները,
փոփոխել ընտրացուցակների ներկայացման կարգը և այլն: - ՀՀ ԸՕ-ում բարեփոխումներ կատարելով` նվազագույնի հասցնել ԿԸՀ որոշումներով
ընտրագործընթացներն ու ընտրակարգը սահմանելու հնարավորությունը: - Անցկացնել ընտրական հանձնաժողովների արագացված ուսուցումներ:
- Լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ճշգրտել ընտրացուցակները:
- Տպագիր և հեռարձակվող (հատկապես հանրային) ԶԼՄ-ներում անաչառ
մեկնաբանությամբ, հավասար ժամանակահատվածներով ներկայացնել խոշոր համայնքների
ղեկավարների և քաղաքապետերի թեկնածուներին, իրենց ծրագրերն ու լուսաբանել
քարոզարշավները:
"Ընտրությունը քոնն է" հասարակական կազմակերպությունը հայաստանյան
ընտրությունները դիտարկող ամենախոշոր կազմակերպությունն է: Այն ունի 4000
կամավորներ, կառույցներ` հանրապետության 10 մարզերում եւ Երեւանի բոլոր
համայնքներում: "Ընտրությունը քոնն է" հկ առաքելությունն է նպաստել Հայաստանում
արդար եւ թափանցիկ ընտրությունների կայացմանն ու ժողովրդավարական գործընթացների
զարգացմանը, տեղական ինքնակառավարման համակարգի իրական կայացմանն ու ընտրողների
առջեւ կառավարման մարմինների հաշվետու դառնալուն, խթանել քաղաքացիների
մասնակցությունը համայնքային կառավարմանը եւ Հայաստանի Հանրապետության ընտրողներին
ընտրագործընթացների վերաբերյալ տրամադրել անաչառ, ճշգրիտ և հրատապ տեղեկատվություն:
