NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քննարկվում է գործողությունների Ազգային ծրագրի մշակման հնարավորությունը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյա նը հանդիպեց ՄԱԿ-ի միջազգային առաքելության ներկայացուցիչների հետ, որոնք Հայաստան են ժամանել մարդու իրավունքների ոլորտում գործողությունների ազգային ծրագրի մշակման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Առաքելության կազմում են մարդու իրավունքների հարցերով միջազգային փորձագետ Բիլ Բարքերը և ՄԱԿ-ի ԶԾ-ի տարածաշրջանային խորհրդական Սերգեյ Սիրոտկինը:
Հյուրերին հետաքրքրում էին Հայաստանում իրավապաշտպանության իրավիճակը, նախատեսվող սահմանադրական բարեփոխումները մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանն առնչվող դրույթների տեսանկյունից, ինչպես նաև մամուլի և խոսքի ազատության իրավիճակը:
Քննարկվեցին նաև մարդու իրավունքների ոլորտում գործողությունների ազգային ծրագրի պատրաստման գործում ազգային հաստատության դերն ու նշանակությունը, գործընթացին տարբեր պետական հաստատությունների հնարավոր մասնակցությունը, ազգային ծրագրի մշակման ու իրականացման համար պատասխանատու առանցքային կառույցների ընտրությանն առնչվող հարցեր:
Նշվել է, որ Հայատանը Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջին երկիրն է, որտեղ, համաձայն 1993 թվականի Վիենայի կոնֆերանսում ընդունված հռչակագրի` քննարկվում է Ազգային ծրագրի մշակման հնարավորությունը:
Բիլ Բարքերը նաև կարևորեց ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական կամք ու վճռականություն դրսևորելու, մարդու իրավունքների Ազգային ծրագրի մշակումն ու իրականացումը որպես ներպետական քաղաքականության գերակայություններից մեկը դիտարկելու անհրաժեշտությունը:
