Հայաստանի օմբուդսմենը պատրաստել է սեփականության իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց

Հայաստանի օմբուդսմենը պատրաստել է սեփականության իրավունքի զանգվածային
խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա
Ալավերդյանը պատրաստել է սեփականության իրավունքների զանգվածային խախտումների
վերաբերյալ արտահերթ զեկույց:

Ինչպես այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Լ.Ալավերդյանը, զեկույցը կապված է
պետական կարիքների անվան տակ քաղաքացիների սեփականության հարկադիր օտարումների հետ:
"Սեփականության իրավունքը վերջին ժամանակներս դարձել է ամենահրատապ հարցերից մեկը",
- նշել է Լ.Ալավերդյանը` պարզաբանելով արտահերթ զեկույցի թեմայի ընտրությունը: "Իմ
կարծիքով, Հյուսիսային և Գլխավոր պողոտաների կառուցմանն առնչվող խնդիրները ենթակա
են իրատեսական լուծման", - նշել է նա: Պաշտպանի կարծիքով, դրա համար անհրաժեշտ են
հարցի խորը և համակողմանի քննարկումներ և ուսումնասիրում, ինչպես նաև որոշակի
ֆինանսական միջոցներ համարժեք փոխհատուցում վճարելու համար: "Հուսով եմ, որ այս
զեկույցը նույնքան հիվանդագին չի ընկալվի, որքան նախորդը, այլ կլինի ահազանգ
հանրապետության իշխանությունների համար", - ավելացրել է նա: 21 էջից բաղկացած
զեկույցը կներկայացվի իշխանության բոլոր թևերի ղեկավարներին, ԶԼՄ-ներին և երկրի
հասարակայնությանը: Զեկույցի տեքստը կզետեղվի ՀՀ օմբուդսմենի պաշտոնական կայքում.
www.ombuds.am: