NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազգային ժողովում սկսվեցին Սահմանադրական փոփոխությունների քննարկումները
Երկուշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը սկսեց Սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկումը՝ երկրորդ ընթերցմամբ: Քննարկմանը մասնակցում է նաեւ ավելի քան 1,5 տարի օրինաստեղծ աշխատանքը բոյկոտած խորհրդարանական ընդդիմությունը:
Ընդդիմադիր "Արդարություն" եւ "Ազգային միաբանություն" խմբակցությունները քննարկումների նախօրեին հնչեցրել էին իրենք անհամաձայնությունը քննարկման դրված փոփոխություններին՝ պահանջելով ընդունել իրենք կողմից ներկայացված ավելի էական փոփոխությունները:
Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հեռարձակվող նիստը սկսվեց ընդդիմադիր պատգամավորների եւ խորհրդարանի ղեկավարության միջեւ վիճաբանությամբ: "Արդարություն" խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը տարակուսեց, թե նախագահ Քոչարյանի հրամանագրով արտահերթ նստաշրջանը հրավիրվել է քննարկելու "Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (փոփոխություններ)" օրակարգով, մինչդեռ, իրականում օրակարգ է բերվել ոչ թե Սահմանադրությունը՝ փոփոխություններով, այլ Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխությունները:
Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը դա որակեց "պարզ շահարկում"՝ կոչ անելով անցնել "կոնստրուկտիվ աշխատանքի":
Շավարշ Քոչարյանը, իր հերթին, Արթուր Բաղդասարյանին մեղադրեց շահարկումների մեջ: Ի վերջո, հայտարարված ընդմիջումից հետո համաձայնություն ձեռք բերվեց, որ օրենքը կընդունվի "Սահմանադրություն մեջ կատարված փոփոխություններ" վերնագրով:
Այսօրվա նիստին սպասվում էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջիանի Բուկիկիոյի գլխավորած պատվիրակության մասնակցությունը: Պատվիրակությունը, սակայն, Հայաստանի չի ժամանել: Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Բոյանա Ուրումովայի պարզաբանմամբ, դրա պատճառը շատ "պրոզաիկ է"՝ պատվիրակությունը պարզապես ուշացել է ինքնաթիռից:
Բոյանա Ուրումովան "Ազատություն" ռադիոկայանին ասաց, որ Բուկիկիոյի հիմնական ասելիքն այն էր լինելու, որ "քննարկումները պետք է շարունակվեն եւ փոփոխությունները պետք է հաստատվեն":
"Սա, իհարկե, կատարյալ տեքստ չէ, եւ ամենքը չէ, որ երջանիկ են դրա բովանդակությամբ: Սակայն սա լավ փոխզիջում է: Մենք հույս ունենք, որ կշարունակվեն քննարկումները եւ իրական քաղաքական համաձայնություն կկայացի, ու նոյեմբերյան հանրաքվեն էլ հաջող ավարտ կունենա", - ավելացրեց նա:
Ավելի ուշ, ելույթ ունենալով Ջիանի Բուկիկիոյի անունից, Ուրումովան Հայաստանի խորհրդարանին փոխանցեց Վենետիկի հանձնաժողովի ղեկավարի խոսքը. - "Մենք ամբողջապես պաշտպանում ենք Սահմանադրության այս տեքստը":
Քննարկումները կշարունակվեն վաղը:
Արմեն Զաքարյան
