NON-GOVERNMENTAL ORGANIZATION
"Ա1+"-ին պարտադրում են ազատել ԳԱԱ-ին պատկանող շենքում զբաղեցրած տարածքը
"Մելտեքս" ընկերությունը, որի մեջ է մտնում ավելի քան երեք տարի առաջ եթերից զրկված "Ա1+" հեռուստաընկերությունը, չորեքշաբթի օրը Գրիգոր Լուսավորիչ,15 հասցեի վերեւի հարկերում զբաղեցրած երկու սենյակ արդեն ազատել ու հանձնել է Գիտությունների Ազգային ակադեմիայի տնօրինությանը, եւ երկու օրում ստիպված է լինելու ազատել նաեւ առաջին հարկում զբաղեցրած ամբողջ տարածքը:
Թեեւ, ինչպես "Ազատություն" ռադիոկայանին ասաց "Մելտեքս" ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, Հայաստանի ԳԱԱ-ին պատկանող այդ շենքում տարածքն ազատելումասին Տնտեսական դատարանի՝ մայիսին կայացրած վճռից հետո ակադեմիայի նախագահության հետ՝ ի դեմս նախագահ Ֆադեյ Սարգսյանի, պայմանավորվածություն էր ձեռք բերել մինչեւ այլ տարածք գտնելը դրանք չազատել:
ԳԱԱ-ում Մովսեսյանին ասել են, որ "կառավարությունն է ստիպում, որպեսզի ազատվի շենքը":
"Ինձ զարմացնում է, որ այս շենքում գտնվող ուրիշ ձեռնարկություններից ոչ մեկին այդպիսի առաջարկություն՝ անհապաղ ազատել [տարածքը] չի եղել", - "Ազատություն" ռադիոկայանին ասաց Մովսեսյանը:
Նա ասաց նաեւ, որ իրենք նամակով դիմել են վարչապետին՝ խնդրելով, որ "գոնե առաջին հարկի սենյակները թողնեն, մինչեւ հարցի վերջնական լուծումը":
Ռուզան Խաչատրյան
