NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքների պաշտպանի նամակը ՀՀ նախագահին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակով, որում կրկին անդրադարձել է հանրապետության որոշ օրենքների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությանը: Նամակում, մասնավորապես, ասվում է.

"Օմբուդսմանի կարծիքով, այս պահին գործող մի շարք օրենքներում կան այնպիսի դրույթներ, որոնց համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը եւ, մասնավորապես, դրանում ամրագրված մարդու իրավունքներին եւ հիմնական ազատություններին լուրջ կասկածների տեղիք է տալիս. Դրանց թվին է պատկանում "Սոցիալական ապահովության քարտերի մասին" ՀՀ օրենքը, որի առանձին հոդվածների վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ստանում է բազմաթիվ բողոքներ, որոնցում գերիշխող է այն կարծիքը, որ օրենքի այդ հոդվածները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Բողոքատուները հիմնավորում են իրենց կարծիքը նրանով, որ աշխատանքային պայմանագիր կնքելը, աշխատավարձ եւ այլ վճարումներ ստանալը սոցիալական քարտերի առկայությունից կախման մեջ դնելը հակասում է երկրի հիմնական օրենքին:
Քանզի գործող սահմանադրությամբ ներկայումս նախատեսված չէ Սահմանադրական դատարան դիմելու` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի իրավունքը, նկատի ունենալով խնդրի կարեւորությունը` Պաշտպանը ակնկալում է ՀՀ նախագահի դիմումը Սահմանադրական դատարան` "Սոցիալական ապահովության քարտերի մասին" ՀՀ օրենքի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով": Նամակում նշված է, որ նման հետեւության է հանգել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Փորձագիտական խորհուրդը:
Նամակի տեքստը ամբողջությամբ կարելի է գտնել www.ombuds.am ինտերնետային
կայքում:
