NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ճամբարակը "2" ստացավ
“Առավոտի” հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Հայկ Լազարյանը քաղաքի վիճակը վատ գնահատեց:
Չկա աշխատանք, ճանապարհները վատ են, երիտասարդներն էլ զբաղմունք չունեն: Այս պատկերը բնորոշ է Հայաստանի գրեթե բոլոր սահմանամերձ վայրերին: Ըստ պաշտոնական տվյալների, Ճամբարակն ունի 7500 բնակիչ, իրականում այդ թիվն ավելի քիչ է: Աշխատանք չկա, նախկինում գործել է էլեկտրատեխնիկական գործարան, իսկ հիմա դա էլ չկա: "Ինչո՞վ են ապրում մարդիկ" մեր հարցին քաղաքացիները պատասխանում էին՝ "լոդրությամբ": "Գալիս ենք քաղաքի կենտրոն՝ տեսնենք ինչ նորություն կա, ով ա հարստացել, էն էլ տեսնում ենք՝ ոչ մի բան չի փոխվել",- ասաց ճամբարակցի Յուրիկ Օհանյանը: Քաղաքի կենսամակարդակը ցածր է, երիտասարդները պարապությունից "տուրուդմփոց են սարքում", նյարդային են: Կենցաղային պայմաններն էլ են դժվար: Ճամբարակում կլիման խոնավ է, սակայն այստեղ եւս մարդիկ ջրի խնդիր ունեն: Բնակիչներն ասում են, որ խմելու եւ կոյուղաջրերը խառնված են ու ոչ ոք չի լուծում այդ հարցը, չնայած բազմիցս դիմել են համապատասխան մարմիններին:
Մշակույթի պալատը հրետակոծությունց հետո չի բարեկարգվել: Քաղաքապետարանի շենքում կա փոքրիկ սենյակ, որտեղ համերգների փոխարեն աղանդավորները հավաքներ են կազմակերպում: Քաղաքում չկա եկեղեցի, ոչ էլ՝ տերտեր. "Մենք չգիտենք, քրիստոնյա՞ ենք, թե՞ ինչ, ոչ ոք կնքված չի",- պատմեց Ճամբարակի բնակչուհի Էմմա Մարտիրոսյանը եւ ավելացրեց. "Տարին մեկ-երկու անգամ է հարսանիք լինում, այն էլ շատերը փող չունեն, սուս ու փուս փախցնում են, որ մաղարիչ ու քեֆ չանեն": Ճամբարակցիները պարծենում են իրենց ազգային "կորթոփի խաշ" կոչվող ճաշով, որ
տեղ գերակշռում է կարտոֆիլը. "Մեր ունեցածը մենակ կարտոշկա ա, էլի, դրանով ենք ապրում", -ասացին նրանք: Տիկին Օֆելյան քաղաքի կենտրոնում խանութ ունի: Բայց եկամուտ չունի: Առեւտուր կա, բայց՝ "նիսիայով": "Մենակ խանութով չկարողացա տունս պահել, տղաս գնաց Ռուսաստան, ես մենակ եմ ապրում, բայց էլի չեմ հասցնում: Մարդիկ փող չունեն, պարտքով տանում են, հետո դժվար է ընկնել ու փող հավաքելը, դե որ չունեն՝ որտեղի՞ց տան",- դժգոհեց խանութպանը: Ժորա Երիցյանի ընտանիքը եւս խանութից օգտվում է "ապառիկ" տարբերակով՝ արդեն 400 լիտր կաթ է պարտք: Կաթ նա պետք է տար վերցրած սննդի դիմաց, բայց սնունդը շատ է վերցրել, իսկ միակ երինջը այդքան էլ կաթնատու չէ:
Ժորան ունի հինգ երեխա: 14 տարեկան աղջիկը հաշմանդամ է, ունի "Դաունյան" հիվանդություն: Ապրում են հաշմանդամության համար ստացած 3600 դրամով ու նպաստով: Երեխայի ճաշացանկն առանձնապես ճոխ չէ, գրեթե անփոփոխ է. առավոտյան՝ կաթ, ցերեկը՝ կաթնով, երեկոյան էլ՝ ինչ-որ ջրիկ բան կարտոֆիլով: Ժ. Երիցյանը չի աշխատում, քանի որ խնամում է հիվանդ երեխային: Չնայած իր ծանր սոցիալական պայմաններին, Ժ. Երիցյանը չբողոքեց. "Ես ոչ մեկից օգնություն չեմ ուզում, օգնությունը ծուլացնում է մարդուն: Գործ լինի՝ կաշխատեմ: Հորթը կմեծանա, կաթ կտա, ամեն ինչ մի օր լավ կլինի": 90-ականների կռիվներից հետո մարդկանց մեծ մասը նյարդային հիվանդներ են: Ճամբարակում գործում է "Աստղացոլք" հաշմանդամ երեխաների ծնողների հ/կ՝ շուրջ 150 անդամով:
Իրինա Հովհաննիսյանը ղեկավարում է կազմակերպությունը, նա ունի հաշմանդամ երեխա: "Երեխայիս տարա, որ մանկապարտեզ ընդունեմ, բայց չընդունեցին, ասացին՝ հաշմանդամ է: Պիտակավորում են ու ճնշում առողջ հոգով երեխային, բայց հաշմանդամն էլ մարդ է, չէ՞",- ասաց Իրինան, որն այդ շերտավորումը վերացնելու իր տարբերակն ուներ:
"Փրկենք երեխաներին" ծրագրի շրջանակներում քաղաքում կառուցվում է ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ կայցելեն առողջ եւ հաշմանդամ երեխաները՝ հավասար, արհեստ կսովորեն: Ճամբարակը, համարվելով անասնապահական շրջան՝ մեծ խնդիրներ ունի այդ ոլորտում:
Ջիլ գյուղում 2003- ին գրանցվել է բրուցելոզով հիվանդների մեծ թիվ: "Այն ժամանակ իբրեւ թե հարցը լուծեցին, բայց օջախը չվերացրին: Հիմա էլ արդեն 250 գլուխ ոչխար վարակված է: Բացի այդ, այժմ պաշտոնապես գրանցված է 7 բրուցելոզով հիվանդության դեպք, շատերն էլ գրանցված չեն: Գյուղնախարարությունը միջոցներ չի ձեռնարկում: Տեսուչներ են ուղարկում, նրանք էլ ձեւական ակտ են գրում, որոշում՝ մորթել տեղում եւ ուտել: Բայց 20 ոչխարին մի օրում ուտել կլինի՞",- հարցրեց "Արեգունի" սոցիալական զարգացման հ/կ- ի նախագահ Գայանե Խաչատրյանը, որը զբաղվում է գյուղատնտեսության խնդիրների ուսումնասիրմամբ: "Հա մեզ ու մեզ պրոբլեմներ ենք վեր հանում, լուծողն ո՞վ ա: Չկա հարցի վերաբերյալ լուրջ մոտեցում",- դժգոհեց տիկին Գայանեն: Հաստատելով մարդկանց թվարկած պրոբլեմները, քաղաքապետ Հայկ Լազարյանը հորդորեց նրանց լինել նախաձեռնող. "Աշխատեք, բիզնեսը ռիսկ ա, շատերը ալարում են աշխատել":
