NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ճամբարակում ֆորումների ծարավ կա
"Մենք հո հետամնաց չե՞նք, ուղղակի մեր իրավունքները չգիտենք, էն էլ արդեն գնում ենք ֆորումի, սաղ տեղը կընկնի",- վստահեցնում են Ճամբարակի բնակիչները:
Օրերս Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում անցկացվեց քաղաքացիական ֆորում, որին ճամբարակցիները մասնակցեցին մեծ ոգեւորությամբ: Հիշեցնենք, որ "Քաղաքացիական հասարակության ինստիտուտ", "Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն" հ/կ-ների, "Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի" հայկական կոմիտեի եւ "Համագործակցություն հանուն ժողովրդավարության" միության հետ Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում իրականացվում է "Քաղաքացիական հասարակության ցանց" ծրագիրը: Այն բաղկացած է չորս փուլից, որի ընթացքում կկազմակերպվեն քաղաքացիական խորհրդատվություն եւ մոնիտորինգի դասընթացներ, հրապարակային միջոցառումներ եւ այլն: Այս հ/կ-ների նախաձեռնությամբ Հայաստանի երկու մարզերից ընտրվել է չորսական համայնք: Ծրագրի պատասխանատուները կարծում են, որ հենց այդ սահմանամերձ վայրերում են կուտակված խնդիրները, եւ մարդիկ չգիտեն դրանց լուծման ճիշտ տարբերակները: Ի տարբերություն այլ սահմանամերձ վայրերի, Ճամբարակցիներն ավելի վստահ էին իրենց ուժերի վրա եւ ծրագրի պատասխանատուներից հովանավորություն եւ փող չուզեցին. "Մենք հենց սենց ֆորումի՝ խորհուրդ ստանալու ծարավ ունենք: Սա բացում է մեր աչքերը, արդեն կիմանանք՝ ում դիմենք: Ֆորումից հետո որոշեցի հ/կ բացեմ եւ մեր ձայնը լսելի դարձնեմ",- խոստովանեց թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Խաչատրյանը:
Քննարկումը թեժացավ այն պահին, երբ խոսեցին քաղաքի երիտասարդների մասին: "Ունենք սիրահարների փողոց, մի նստարան չկա, որ ջահելները աղջիկներին հանդիպեն, վերալիցքավորվեն: Թե չէ կոմպլեքսավորված ման են գալիս փողոցներում",- անհանգստացած էր "Զինվորի մայր" հ/կ-ից Գայանե Հովհաննիսյանը: Նա առաջարկեց բնակիչներին համախմբվել, համաքաղաքային շաբաթօրյակ անել ու նստարաններ սարքել այգում:
Ճամբարակի բնակչությունը մտահոգված էր նաեւ քաղաքի մշակութային կյանքով: Նրանք ցանկանում են ունենալ մշակույթի պալատ, ազգային երգի ու պարի խումբ, եւ որ երաժշտական դպրոցի միակ ռոյալը նորոգվի ու մի քանի երաժշտական գործիքներ ձեռք բերեն: Ֆորումի ընթացքում ճամբարակցիները բողոքեցին նաեւ կրթական բարեփոխումներից. "Դպրոցների մոնոպոլիան Երեւանն իր վրա է վերցրել: Մենք կտրված ենք: Կրթական նորամուծությունները մեզ ուշ են հասնում",- ասաց տիկին Գայանեն: Խոսելով քաղաքացիական ֆորումների մասին, հավաքվածները միակարծիք էին այն հարցում, որ դրա միջոցով մարդիկ համախմբվում են եղած խնդիրների շուրջ եւ մասնագետների խորհրդով գտնում դրանց լուծման տարբերակները:
Պարզվեց նաեւ, որ Ճամբարակի քաղաքացիները լավ տեղյակ են երկրի քաղաքական կյանքին: Նրանց կարծիքով իրենց մոտ ընտրությունները շատ ավելի հեռու են ժողովրդավարությունից, քան Երեւանում: "Քաղաքացիական հասարակության ցանցի" ներկայացուցիչ Գայանե Մարկոսյանը մեղմեց նրանց անհանգստությունը. "Երեւանում ժողովրդավարության իմիտացիա է, իսկ Ճամբարակում դա այդպես չէ: Եվ եթե մարդիկ միասին պայքարեն, ապա իրենց քաղաքում ինչ-որ բան կփոխվի: Այս ֆորումները կօգնեն մարդկանց հասկանալ, որ իրենք այն ժողովուրդն են, որ կարող է իր կամքն արտահայտել: Եվ դա կլինի ոչ թե խոսքերով, այլ՝ միասնական գործերով, եւ հենց այն, որ վստահություն կա՝ դա օգնում է ժողովրդավարության կառուցմանը: Իսկ այն բարդույթը, որ կա մարդկանց մեջ, թե իրենք հետ են ամեն ինչից՝ այս ֆորումի օգնությամբ, հուսով եմ, կհաղթահարվի":
"Քաղաքացիական հասարակության ցանց" ծրագրի շրջանակներում քաղաքացիական ֆորումները կշարունակվեն Գեղարքունիքի այլ գյուղերում:
