NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կոռուպցիան ամենուր է
"Հաաստանի ՏԻՄ-երը շատ թույլ են, դրա համար սկսած ընտրություններից վերջացրած ամեն ինչ կոռումպացված է",- այսօր այդ մասին հայտարարեց "Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի ինթրնեշնլ" ՀԿ հայասատանյան մասնաճյուղի նախագահ Ամալյա Կոստանյանը:
Հուլիսի 7-8-ը Երեւան հյուրանոցում "Ոչ կոռուպցիային. տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքական վերահսկողություն" ծրագրի շրջանակներում կազմակերպվել է "Լեհաստանի փորձը կոռուպցիայի դեմ պայքարում" թեմայով սեմինար: Սեմինարի ընթացքում քննարկվել են այն տեսակ հարցեր, ինչպիսիք են տեղական ինքնակառավարման համակարգը Լեհաստանում, կոռուպցիայի ընկալումը Լեհաստանում եւ Հայաստանում եւ այլն:
Ըստ Ամալյա Կոստանյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարը չի նշանակում որ պետք է պարզապես պայքարել կամ մարդկանց նստեցնել, այլ նշանակում է բարելավել կառավարման համակարգը, ապահովել թափանցիկությունը, մասնակցությունը եւ ամենակարեւորը հաշվետվողականությունը կամ պաշտոնյաների պատասխանատվությունը ժողովրդի առջեւ: "Դա համակարգի հարց է եւ լուծել դա ինչ-որ մի առանձին ոլորտում, պարզապես անհնարին է: Դա սերտորեն կապված է եւ քաղաքական իրավիճակի հետ, եւ տնտեսական, եւ սոցիալական եւ բարոյական",- գտնում է նա:
Ինչո՞ւ պետք է կոռուպցիայի դեմ պայքարել: Ամալյա Կոստանյանը գտնում է. "Ոչ նրա համար, որովհետեւ դա բոլորը գիտեն, որ վատ բան է, այլ որովհետեւ մենք զգում ենք, որ կործանարար ազդեցություն է թողնում: Եվ սոցիալական, եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ բարոյական վիճակը շատ է վատթարանում, որովհետեւ մարդիկ հույս չունեն, հավատ չունեն եւ մտածում են, որ ամեն ինչ կարելի է գնել եւ վաճառել այս երկրում":
Ինչո՞ւ է ընտրվել հատկապես Լեհաստանը: Ամալյա Կոստանյանի հավաստմամբ նրանք կարող էինք բերել Նոր Զելանդիայի կամ Ֆիլանդիայի ներկայացուցչի, որոնք համարյա չունեն կոռուպցիա, բայց. "ի՞նչ եք կարծում, մեր պատմությունը, մշակույթը, վիճակը ավելի մոտ է Նոր Զելանդիային, թե՞ Լեհաստանին":
Ի դեպ, սեմինարը, ինչպես տեղեկացնում է Ամալյա Կոստանյանը, Լեհաստանի նախաձեռնությունն է: "Լեհաստանի ՀԿ դիմեց մեզ օգնելու կազմակերպել նման միջոցառում: Երկրորդ մասը այն է, որ Հայաստանից 10 մասնակիցներ կմեկնեն Լեհաստան ուսուցողական այցով եւ այցից հետո կրկին կհավաքվեն այստեղ եւ կփորձեն մի քանի ծրագիր կազմել",-նշեց Ամալյա Կոստանյանը:
