Վենետիկի հանձնաժողովին ուղարկվեց ՀՀ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը

Այսօր երեկոյան Վենետիկի հանձնաժողովին ուղարկվեց ՀՀ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որում բոլոր փոփոխություններն արվել են, ըստ Աժ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, հուշագրի պայմանավորվածությունների շրջանակում:

"Համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել հունիսի 23-24-ի քննարկումների արդյունքում, Վենետիկի հանձնաժողովի եւ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների միջեւ եւ արձանագրվել էր SDF 2005 052 փաստաթղթում, իրականացվել են : Քանի որ համաձայնությունների փաստաթուղթը հանրային է, այժմ արված լուծումներով փաստաթուղթը, որ ուղարկվում է Վենետիկի հանձնաժողովին, վաղը կամ մյուս օրն արդեն կտրամադրվի շահագրգիռ կողմերին, եւ դրանից հետո թերեւս անհրաժեշտ կլինի սպասել Վենետիկի հանձնաժողովի պատասխանին",- ասել է նա:

Սահմանադրության տարբերակն արդյո՞ք այնպես է բարեփոխվել, որ հիմք տա ընդդիմությանը վերադառնալ խորհրդարան` հարցին պարոն Թորոսյանը պատասխանեց. "Մեկ բան հստակ կարող եմ ասել, որ այն բոլոր հարցերը, որոնք արձանագրված էին համատեղ եզրակացությունների մեջ, բոլոր հարցերն իրենց լուծումները ստացել են":