"Եհովայի վկաները" հրաժարվում են այլընտրանքային զինծառայությունից

Ի տարբերություն նախորդ զորակոչի, գարնանային զորակոչին Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում "Եհովայի վկա" կազմակերպության ոչ մի անդամ չի անցել այլընտրանքային զինծառայության: Իսկ ահա 2004 թվականի աշնանային զորակոչին եկած 2 աղանդավոր երիտասարդները, ըստ "Ցայգ"-ի, ծառայության կեսից թողել-հեռացել են:

"Եհովայի վկա" աղանդին դավանող Վանաձորցի Տարոնը եւ մայրաքաղաքից եկած Սարգիսը հիվանդանոցում հիմնականում խնամում էին հիվանդներին, կատարում սանմաքրման աշխատանքներ, ազատ ժամանակն էլ տրամադրում կրոնական գրականության ընթերցանությանը:

Դեռ ծառայության սկզբում նրանք խոստովանում էին, որ իրենց ծառայությունից ընդհանուր առմամբ դժգոհ չեն, սակայն հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանի տեղեկացմամբ` մոտ 1 ամիս առաջ տղաները հրաժարվել են այլընտրանքային ծառայությունից: Ըստ հիվանդանոցի տնօրինությանը ներկայացրած դիմումի` թեպետ գոհ են հիվանդանոցում իրենց կատարած աշխատանքներից եւ բուժանձնակազմի՝ իրենց նկատմամբ ունեցած վերաբերմունքից, այնուամենայնիվ չեն ցանկանում շարունակել ծառայությունը: Պատճառը մեկն է եղել՝ չեն ցանկացել, որ ռազմական ոստիկանությունը իրենց վերահսկի: Դա, ըստ նրանց, դեմ է իրենց դավանանքին եւ խղճին:

Հիվանդանոցից սկզբում հեռացել է տղաներից մեկը, մի քանի օր անց՝ մյուսը: Ըստ տնօրենի, տղաներից մեկի հայրը տեղեկացրել է, որ դա ոչ թե նրանց անձնական նախաձեռնությունն է, այլ՝ "Եհովայի վկաների" կողմից հատուկ կազմակերպված ակցիա. այդ աղանդին հարող մոտ 25 երիտասարդ այդ ընթացքում հրաժարվել է աշխատանքային ծառայությունից: Նադյա Վարդանյանի ունեցած տվյալներով` տղաների նկատմամբ հարուցված է քրեական գործ եւ ամենայն հավանականությամբ նրանք կենթարկվեն ազատազրկման: