NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օտարատատյատության դեմ ԶԼՄ-ների հետ
Այսօր ավարտվեց հարավկովկասյան երկրների, Ռուսաստանի եւ ՅՈՒՆԵՍԿՈ կազմակերպության համատեղ երկօրյա գիտաժողովը, որը նվիրված էր ահաբեկչության դեմ պայքարի ենթատեքստում անհանդուրժողականության, օտարատյատության դրսեւորումների քննարկմանը: Օրվա վերջում ընդունվեց համատեղ հռչակագիր, որն ընթերցեց Հայաստանի օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Հռչակագրում հատուկ տեղ է հատկացված լրատվամիջոցներին, քանի որ տարբեր երկրներից ժամանած իրավապաշտպանների կարծիքով, ազգային փոքրամասնություների նկատմամբ ոտնձգությունները կամ ժողովուրդների միջեւ անհանդուրժողականության դեմ պայքարը արդյունավետ կարող է լինել միայն քարոզչամեքենաների լավ աշխատանքով:
Վրաստանը ներկայացնող Եվգենի Միկելաձեն, որը "Հավատ եւ ազատություն" ասոցիացիայի նախագահն է, առաջարկեց հռչակագրում ավելացնել կետ, որով կովկասյան երկրների օմբուսմենները աշխատանք կտանեն փոխադարձ ատելություն ու թշնամանք քարոզող լրատվամիջոցների հետ, իսկ դրանց ղեկավարները կամ գլխավոր խմբագիրները ստորագրեն հռչակագրի տակ, եւ կպարտավորվեն դադարեցնել թշնամություն քարոզելը:
Միջազգային գիտաժողովի լուսաբանման մակարդակից խիստ տարակուսել էր օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նրա աշխատակազմը երկու օր իրազեկել է Հայաստանում գործող գրեթե բոլոր լրատվամիջոցներին, սակայն երկու օրերին միջոցառմանը ներկա է եղել երկու-երեք լրագրող:
"Կարծում եմ,որ հարեւան երկրներից ժամանած մեր մյուս մասնակիցների համար էլ էր տարակուսելի լրատվամիջոցների նման պահվածքը: Ես ականկալում էի շատ ավելի մեծ հետաքրքրություն: Ասեմ, որ մեր իշխանությունները շատ ակտիվ մասնակցում են միջազգային տարբեր կարգի միջոցառումների: Այս առումով լրատվամիջոցների պսիվությունը խիստ զարմանալի է, փոխանակ հակառակը լիներ: Միեւնույն է, մեր գրասենյակն առավել է ուժեղացնելու աշխատանքը լրատվամիջոցների հետ, քանի որ մարդու իրավունքների դեմ ոտնձգությունների կանխմանը արդյունավետորեն կկարողանանք հասնել միայն ձեր աջակցությամբ",- "Ա1+"-ն պարզաբանեց օմբուդսմեն Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ գիտաժողովին ներկա էր նաեւ Ադրբեջանի ոչ պաշտոնական ներկայացուցիչը: Նա հայաստանցի գործընկերների հետ ունեցել է բարեկամական հարաբերություններ, իսկ այսօր նաեւ վարժ ռուսերենով միջոցառումն էր վարում:
