NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Այլընտրանքայինը դիակ հարդարող չէ
Երկու օր առաջ Սեւանի հոգեբուժարանից փախել էին այլընտրանքային զինվորական
ծառայության մեջ գտնվող 4 անձինք:
Այդ մասին տեղեկացանք "Կոնգրես" հյուրանոցում հրավիրված քննարկման ժամանակ:
Օրակարգում դրվել էր "Այլընտրանքային զինվորական ծառայության արդի վիճակը" թեման:
Նախ ցուցադրվեց ֆիլմ, ապա ելույթներ ունեցան ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի մարդու
իրավունքների հարցերով պատասխանատուի օգնական Մուշեղ Եկմալյանը, Հայաստանի
հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ զինկոմիսարիատի զորակոչի հարցերով
պատասխանատու Գալստյանը: 2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվեց "Այլընտրանքային
ծառայության մասին" օրենքը, որը, ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, փաստորեն,
չտարածվեց գարնանային զորակոչի վրա, ինչի արդյունքում "մի զորակոչով խախտվեցին
Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած մեր պարտավորությունները": Միայն 2004-ին,
աշնանային զորակոչի ժամանակ, 26 Եհովայի վկաներ եւ 1 մոլոկան ծառայության են
ուղարկվել առողջապահական եւ սոցիալական ոլորտի հիմնարկներ: Մուշեղ Եկմալյանի
գնահատմամբ, զինկոմիսարիատները չունեն հստակ կողմնորոշում (հատուկ բաժին կամ
պատասխանատու սպա), որը կկոորդինացներ այլընտրանքայինների հետ աշխատանքները: ԵԱՀԿ
ներկայացուցիչը գտնում էր, որ այլընտրանքային զինծառայողները պետք է գտնվեն
քաղաքացիական գերատեսչությունում: Իրավապաշտպան Ա. Իշխանյանն էլ այդ կարծիքին էր:
Նա նույնիսկ բերեց մի օրինակ, երբ այլընտրանքային զինծառայողին վերոնշյալ
հիմնարկներից մեկում առաջարկել էին դիակ հարդարել, եւ նա գտնում էր, որ պետք է
համազգեստի վրայից հանել "Այլընտրանքային ծառայող" նշանը, օրենքը վերանայել եւ
ընդունել "Քաղաքացիական ծառայության մասին" օրենք: Այլընտրանքային ծառայության մեջ
զինվորը, փաստորեն, գտնվում է 42 ամիս, մինչդեռ իրավապաշտպանը գտնում էր, որ այն
պետք է իջեցվի եւ դառնա 36 ամիս: Պաշտպանության նախարարության զորակոչի հարցերով
պատասխանատու Գալստյանը գտնում էր, որ այլընտրանքային զինծառայողները ամեն մի
պատրվակ օգտագործում են չծառայելու համար: Մասնավորապես, իրենց դիմումներ էին գրել,
թե մահճակալները զինվորական են, հագուստը պատվիրված է ՊՆ-ում եւ որ իրենք հսկվում
են ուժային կառույցների կողմից: Նրա կարծիքով, անհիմն էին նմանօրինակ
պատճառաբանությունները:
Վարդենիսի հոգեբուժական հիվանդանոցում այլընտրանքային աշխատանքային ծառայությունն
անցող ութ երիտասարդներ Հայաստանի հելսինկյան կոմիտեի հարցման ժամանակ հայտարարել
էին, որ արժանապատվությունը նսեմացնող որեւէ աշխատանք չեն կատարելու: Սակայն երկու
օր հետո զինկոմիսարը եկել եւ ծանոթացրել էր կառավարության որոշմանը, նաեւ հայտնել,
որ նրանք սանիտարի աշխատանք պետք է կատարեն՝ մաքրեն զուգարանները, դիակ հարդարեն:
Հրաժարվելու դեպքում սպառնացել էին քրեական պատասխանատվության ենթարկել "Զինծառայության
մասին" օրենքի 364 հոդվածով: "Զինվորի մայր" կազմակերպության նախագահ Գրետա
Միրզոյանը գտնում էր, որ այլընտրանքայինը նույն պետական ծառայությունն է: Սակայն
քննարկման մասնակիցներից շատերի կարծիքով, զորակոչի տարիքում գտնվող
այլընտրանքայինի համար այնքան էլ տեղին չէ, մասնավորապես, հոգեբուժարաններում
ծառայությունն անցկացնելը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
