NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խորհրդարանը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Երկրի նախագահի ստորագրելուց հետո՝ հունիսի 1-ից կսկսի գործել փոփոխված Ընտրական օրենսգիրքը, որն այսօր ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովը: Հունիսի 15-ին արդեն այն կենթարկվի առաջին մասնակի փորձությանը՝ Երեւանի երեք համայնքապետերի ընտրություններում:
Ամեն դեպքում, նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կձեւավորվի մինչեւ հուլիսի 1-ը, դրանից հետո՝ մյուս բոլոր ընտրական հանձնաժողովները:
Ներկայումս ԿԸՀ անդամները նշանակված են հետեւյալ կերպ. մեկական անդամ՝ խորհրդարանի վեց խմբակցություններից, երեք անդամ՝ երկրի նախագահի կողմից: Նոր հանձնաժողովում, բացի խմբակցությունների նշանակած անդամներից, մեկ անդամի նշանակելու է նաեւ, փաստորեն, "Ժողպատագամավոր" խումբը, մեկ անդամի նշանակելու է երկրի նախագահը, մեկին՝ Վճռաբեկ դատարանը:
Ազգային Ժողովի նոր ընտրություններից հետո կամ եթե մինչ այդ լուծարվի "Ժողպատգամավոր" խումբը, դրա տեղն անցնում է Դատարանների նախագահների խորհրդին:
“Օրինաց երկիր"-ի փոխնախագահ, փոփոխությունները երեկ եւ այսօր նիստերում զեկուցած պատգամավոր Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ եվրոպական փորձագետներն այս նոր կարգը համարել են "բարելավում":
"Քանի որ այն մեծացնում է քաղաքական պլյուրալիզմը", - փաստարկեց նա:
"Ժողպատգամավոր" խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե ընտրական հանձնաժողովներում տեղ ստանալը կարելի է մեկնաբանել որպես ոչ քաղաքական ուժի քաղաքական հավակնություն ("ժողպատգամավոր" խումբը կազմված է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից):
"Պառլամենտը բացառապես քաղաքական մարմին է, եւ քաղաքական մարմնում ոչ քաղաքական միավորներ չեն կարող լինել", - "Ազատություն" ռադիոկայանին ասաց Կարապետյանը:
Ընդդիմադիր "Արդարություն" խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, սակայն, խորհրդարանում քաղաքական միավորներ են միայն խմբակցությունները, իսկ ոչ քաղաքական միավորը չպետք է իրավունք ունենա անդամ նշանակել ԿԸՀ-ում:
Կարեն Կարապետյանը, մինչդեռ, չբացառեց, որ հետագայում խումբը կուսակցություն ստեղծի եւ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնի:
Դեռեւս գործող Ընտրական օրենսգրքի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը "Ազատություն" ռադիոկայանի հարցին, թե գո՞հ է այս փոփոխություններից, պատասխանեց, թե "հանձնաժողովների ձեւավորման նոր կարգն անընդունելի է":
"Քանի որ հանրապետության նախագահին տրվում է [իրավունք] նշանակելու մեկ անդամի, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքի՝ թեկնածուների հավասարության սկզբունքին", - փաստարկեց նա՝ բացատրելով. - "Քանի որ կարող է լինել նախագահի [կողմից] առաջադրված թեկնածու, որը, բնականաբար, հանձնաժողովում կարող է տեղ չունենալ":
Իսկ այն, որ երկրի նախագահը երեքի փոխարեն այժմ մեկ անդամ է նշանակելու, Դալլաքյանի բնորոշմամբ՝ "ձեւական առաջընթաց է". պատգամավորական խումբը կարող է լինել իշխանամետ, իսկ հանձնաժողովում անդամ նշանակելու իրավունք ստացող մյուս երկու մարմինները "հանրապետության նախագահի համար դեկորացիա են":
"Այդ երկու անդամների նշանակումը դարձյալ տեղի է ունենալու հանրապետության նախագահի կողմից", - ավելացրեց նա:
Խորհրդարանական ընդդիմությունը, հիշեցնենք, այս հարցի քննարկումը բոյկոտում էր:
Ռուզան Խաչատրյան
