Երևանում կայացել է "Կորչե՛ն աղանդները" կարգախոսով երթ

Նախօրեին "Մեկ ազգ" կուսակցության նախաձեռնությամբ անցկացվել է "Կորչե՛ն աղանդները", "Զգուշացե՛ք այսպես կոչված "Եհովայի վկաներից" կարգախոսներով երթ՝ "ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու":

"Մենք եկել ենք ասելու ո՛չ ազգային գծերը մաքրող աղանդներին՝ ԱՄՆ խամաճիկներին", - հայտարարել է "Մեկ ազգ" կուսակցության նախագահ Գոռ Թամազյանը միջոցառմանը ներկա միակ ԶԼՄ ներկայացուցչի՝ ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում: Նա ընդգծել է, որ իր գլխավորած կուսակցությունը հատուկ նշանակություն է տալիս աղանդների, հատկապես, "Եհովայի վկաների" դեմ պայքարին Հայաստանում, քանի որ "հոգևոր ստրկությունը հանգեցնում է ֆիզիկական ստրկության": "Աղանդների դեմ պայքարի գործում մենք զինվել ենք նրանց իսկ մեթոդով. մեր ակտիվիստները պարբերաբար շփվում են ժողովրդի հետ և մանրակրկիտ ձևով պարզաբանում աղանդների անմարդկային էությունը", - ասաց Գ.Թամազյանը: Նա հավաստիացրեց, որ նման մարտավարությունն արդեն արդյունք է տալիս: Միևնույն ժամանակ նա նշեց, որ աղանդների և նրանց հետևորդների թիվը Հայաստանում վերջին տարում ավելացել է: Գոռ Թամազյանն աղանդների թվին չի դասում հայ հեթանոսներին, սակայն "ոչ այն պատճառով, որ նրանց ներկայացուցիչներ կան նաև բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում", այլ "որովհետև հեթանոսությունը նույնպես մերն է, ազգային, թեև դա երեկվա օրն է": "Մեկ ազգ" կուսակցության նախագահը լավատեսությամբ է նայում ապագային, քանի որ մայիսի 12-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս խոստացել է առանձին կետով նշել Հայ Առաքելական Եկեղեցու հատուկ իրավունքները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել էր, որ կառավարությունը մտադիր է ներկայացնել ուղղումներ կրոնի մասին օրենքում, որոնք, վարչապետի կարծիքով, փոքր-ինչ կխստացնեն բավականին ազատական գործող օրենքը: "Այդ հարցում մենք չափազանց ժողովրդավարական ենք եղել, և այժմ անհրաժեշտ է շտկել իրավիճակը", - հայտարարել էր Ա.Մարգարյանը: Հայաստանում կան շուրջ 30 տարբեր կրոնական աղանդներ, որոնցից ամենախոշորը՝ "Եհովայի վկաները", ըստ տարբեր գնահատականների, միավորում է 18-30 հազար մարդ: