NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՓՈՓՈԽՈՒՄ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
12:40 րոպեին այսօր Ազգային Ժողովում սկսվեց Սահմանադրական փոփոխությունների երեք նախագծերի քննարկումը: Առաջին` կոալիցիայի նախագիծն այս պահին պատգամավորներին ներկայացնում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: Ի դեպ, երբ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այդ նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ այն հեղինակել են կոալիցիայի անդամ երեք կուսակցություններն ու Ժողպատգամավոր խումբը, խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, հայտարարեց, որ իրենք չեն ներկայացնելու նախագծի համապատասխան գլուխը: “Դուք հրաժարվո՞ւմ եք նախագծից”,- հարցրեց Արթուր Բաղդասարյանը: “Ոչ, պարզապես մենք համահեղինակ չենք”,- ճշտեց Կարեն Կարապետյանը:
Սահմանադրական նախագծերի քննարկումը ԱԺ-ում ընթանում է հատուկ ընթացակարգով: Յուրաքանչյուր նախագծի ներկայացման համար նախատեսված է 60 րոպե:
Կոալիցիայի նախագիծը ներկայացնող Ռաֆիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական փոփոխությունների առաջին նախագծով ՀՀ գործող Սահմանադրությունից հանվել է 1, լրացվել 25 եւ վերախմբագրվել 97 հոդված: Մինչ փոփոխություններ ներկայացնելը Ռաֆիկ Պետրոսյանը երկար նախաբանով պատգամավորներին տեղեկացրեց, թե ինչու են կատարվում սահմանադրական փոփոխությունները: “Սահմանադրական փոփոխությունները հեռանկարային են”,- հայտարարեց նա` ավելացնելով, որ դրանք արվում են ոչ թե ընթացիկ խնդիրները լուծելու, այեւ հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ կատարվածը Սահմանադրության մեջ արտացոլելու, փոխադարձ զսպումների կառուցակարգերի սահմանման նպատակով:
Այս պահին Ռաֆիկ Պետրոսյանն ավարտել է իր ելույթը եւ պատգամավորները հարցեր են ուղղում նրան:
