NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԿԼԻՆԻ՞ «ԲԵԿՈՒՄ» «Ա1+»-Ի ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Հասարակական կազմակերպությունների երեկ անցկացրած «Բեկում» քաղաքացիական ֆորումը
փոխկապակցված էր նույն օրն անցկացված «Ի պաշտպանություն «Ա1+»-ի» հանրահավաքի հետ:
Երկու միջոցառումների կազմակերպիչները եւ հիմնական մասնակիցները նույն
երիտասարդներն էին, որոնք մաս են կազմում «Երիտասարդություն հանուն
ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» եւ այլ
հասարակական կազմակերպություններին:
«Բեկում» ֆորումն անցկացվում էր՝ «Մասնակի՞ց ենք, թե՞ մեղսակից, հանդուրժո՞ւմ ենք,
թե՞ ընդվզում» կարգախոսով: Քննարկման նպատակը հռչակված էր փորձ անել գտնելու «ոչ
անտարբեր քաղաքացիների կողմից իրավիճակի վրա ներազդելու իրատեսական եւ գործուն
եղանակները»: Ուստի բոլոր ելույթ ունեցողներին առաջարկվում էր պատասխանել այն
հարցերին, թե ի՞նչ է հաջողվել եւ ինչի՛ շնորհիվ, ի՞նչ չի հաջողվել եւ ի՛նչ
պատճառով, ու վերջապես՝ որ ոլորտներում է պետք աշխատել: Իսկ այս
կազմակերպություններին համարձակության եւ վճռականության շնորհիվ անցած տարվա
ընթացքում հաջողվել են շատ միջոցառումներ: Այս երիտասարդներն էին, որ անցկացրին
«Ազատություն քաղբանտարկյալներին» ստորագրահավաքը, հետո քաղաքապետարանի կողմից
արգելված լուսանկարչական ցուցահանդեսը, «Ճանապարհ դեպի անապատ» բնապահպանական
միջոցառումը, եւ այլ բազմաթիվ գործողությունների շարքում վերջինն «Ա1+»-ին առնչվող
միջոցառումներն են:
«Ի՞նչ չի հաջողվել» հարցի պատասխանն էլ էր հնչում ամենայն անկեղծությամբ՝ ասենք, որ
բավականաչափ ընդլայնված չէ այս միջոցառումների մասնակիցների շրջանակը: Որոշվեց «Բեկում»
ֆորումի գործունեությունը հիմնականում կենտրոնացնել ընտրությունների կազմակերպման,
էլեկտրոնային ազատ միջոցների, սահմանադրական փոփոխությունների, արդարադատության,
կրթության եւ քաղաքաշինության ոլորտների վրա:
Ֆորումի ընթացքում անընդհատ արծարծվում էր «Ա1+»-ի խնդիրը: Այսպես՝ Հայաստանի
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն առաջարկեց հավատալ, թե հնարավոր է
վերաբացել «Ա1+»-ը՝ տանելով հետեւյալ զուգահեռը. «Այն մտայնությունը, թե քանի
իշխանությունը չի փոխվել՝ այդ հարցերը չեն լուծվի, կար նաեւ խորհրդային տարիներին:
Եվ երբ արծարծվում էին, ասենք, Հայաստանի համատարած ռուսացման կամ բնապահպանական
խնդիրները՝ ծայրահեղ անկախականները հայտարարում էին, թե քանի դեռ Հայաստանը չի
ստացել անկախություն՝ այդ հարցերի մասին խոսելն անիմաստ է: Կտրականապե՛ս դեմ եմ այդ
կարծիքին, քանի որ՝ իշխանությունները փոխվում են, բայց շատ հարցեր մնում են նույնը»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ի ներկայացուցիչ Տիգրան
Տեր-Եսայանը նշեց, թե հասարակական այս կազմակերպությունների գործողություններին
պակասում է հետեւողականությունը. «Պետք է իր տրամաբանական ավարտին հասցվեն այն
միջոցառումները, որոնք կազմակերպվում են»: Մասնավորապես հիշեցրեց, թե այս ՀԿ-ների
կազմակերպած հանրահավաքից հետո 10 օր է, ինչ առգրավված է «Ա1+»-ի մեքենայի մեջ գտնվող
տեխնիկան եւ պաստառները: Եվ հիշեցումից հետո ստեղծվեց նախաձեռնող խումբ, որը փորձելու
է պարզել բռնագանձված տեխնիկայի ճակատագիրը:
Ֆորումի փորձագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Լեւոն Աբրահամյանը նշեց, թե
10 օր առաջ ներկա լինելով Կոմիտասի արձանի մոտ անցկացված այդ ցույցին՝ դառը զգացում
է ապրել. «Մտածեցի՝ մի՞թե խոսքի ազատության կողմնակիցներն այսքան քիչ են: Հետո փորձեցի
ինձ հանգստացնել ու մխիթարել նրանով, որ ճշմարտության համար քանակը այնքան էլ
կարեւոր չէ. ճշմարտությունը մնում է ճշմարտություն՝ անկախ այն բանից, թե քանի հոգի
են պաշտպանում այն՝ 100, թե՞ 100 հազար»:
... Երեկ Կոմիտասի արձանի շուրջ ի պաշտպանություն «Ա1+»-ի հավաքի մասնակիցներն
ավելի քիչ էին, քան ապրիլի 2-ին: Սակայն այս 10 օրվա ընթացքում 2200-ից ավելի
քաղաքացիներ իրենց ստորագրությամբ պահանջել են հրապարակել ազատ
հաճախականությունների ցանկը եւ անցկացնել բաց, հրապարակային մրցույթ: Գյումրիի
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հանրահավաքային իր ելույթում
հայտարարեց, թե մեծ վերապահությամբ է վերաբերվում այս ստորագրահավաքին եւ չի
կարծում, որ այն կարող է տալ շոշափելի արդյունքներ. «Բոլոր նրանք, ովքեր կարծում
են, թե «Ա1+»-ի խնդիրը միայն լրատվամիջոցներինն է եւ իր մեջ չունի
քաղաքականություն, իհարկե, սխալվում են: Անցած 3 տարիները ցույց տվեցին, որ «Ա1+»-ի
խնդիրը մեզ հայտնի ժողովրդավարական բոլոր ճանապարհներով հնարավոր չէ լուծել այս
ռեժիմի պայմաններում»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի
Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Արթուր Սաքունցը ուշադրություն հրավիրելով
հանրահավաքի փոքրաթիվ մասնակիցներին հսկող իրավապահների մեծաքանակության վրա՝ նշեց.
«Սա եւս ցույց է տալիս, թե ինչպիսի վերաբերմունք կա ազատ խոսքի պաշտպանությանն
ուղղված հասարակական ցանկացած ակցիայի նկատմամբ»: Նա պնդեց, թե չեն հաշտվելու այն
իրողության հետ, որ փակվել է մի հեռուստաընկերություն, «որը հնարավորություն էր
տալիս արտահայտել ամենատարբեր կարծիքներ»: Եվ խոստացավ, թե բողոքի գործողությունները
շարունակվելու են այնքան, քանի դեռ չի վերականգնվել ազատ խոսքի իրավունքը. «Այնպես,
ինչպես երբ Չեխիայում փոխում էին հեռուստատեսության տնօրենին՝ ժողովուրդը չհեռացավ
այնքան ժամանակ, մինչեւ չփոխվեց այդ որոշումը»:
«Բեկում» քաղաքացիական ֆորումի մասնակից Գայանե Մարկոսյանն այս հանրահավաքի
ընթացքում տեղեկացրեց հերթական նախաձեռնության մասին, թե Կոմիտասի արձանի մոտ
շարունակելու են ցուցադրել տեսանյութեր, եւ սա շարունակվելու է «այնքան ժամանակ,
մինչեւ մեր եթերում չհայտնվեն իրապես ազատ հեռուստաընկերություններ»: Ի
պաշտպանություն «Ա1+»-ի՝ ստորագրահավաքը կշարունակվի մինչեւ մայիսի 3-ը՝ Մամուլի
ազատության օրը: «Միեւնույն է՝ ազատ խոսքը հաղթելու է Հայաստանում, քանի որ մենք
այլընտրանք չունենք»,- հայտարարեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»
հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան Դանիելյանը:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
