NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
ՀՀ «անիրական ազատ» քաղաքացիներն այսօր հավաքվել էին Կոմիտասի արձանին հարակից պուրակում՝ համոզմունքով, որ ազատությունը իրական պետք է դարձնել: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ խոսքի ազատության այսօր տեղի ունեցավ միտինգ, որը նախաձեռնել էին մի շարք հասարակական կազմակերպություններ: «Բեկում» քաղաքացիական ֆորումի մասնակից Գայանե Մարկոսյանը կարծում է, որ հարցերը մեր երկրում հնարավոր է լուծել միայն հասարակական ընդվզման եւ աջակցման միջոցով:
10 օր է հասարակական նախաձեռնությամբ ակցիաների շարք է իրականացվում ի պաշտպանություն «Ա1+»-ի: 3200-ից ավելի քաղաքացիներ իրենց ստորագրությամբ պահանջել են հրապարակել ազատ հաճախականությունների ցուցակը, անցկացնել բաց, թափանցիկ մրցույթ: «Հաճախականություններն ազգային հարստություն են, ոսկուց թանկ, քանի որ դրանք չենք վերջանում»,- ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նրա բառերով, Հեռուստատեսության եւ ռադիոյի «ապազգային» հանձնաժողովը 3 տարի է միտումնավոր չի հրապարակում հեռուստատեսային եւ ռադիո ազատ հաճախականությունների ցուցակը, քանի որ մտավախություն ունի, որ հնարավոր է դրանք զբաղեցնեն անկախ ընկերությունները:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ ղեկավար Ստեփան Դանիելյանը հայտարարեց, որ. «Միեւնույն է՝ հաղթելու ենք, միեւնույն է՝ ազատ խոսքը այլընտրանք չունի»: Նա կարծում է, որ 10 օրերի ընթացքում Կոմիտասի արձանին հարակից պուրակում ցուցադրվեցին կադրեր, որոնք ցույց էին տալիս՝ ինչ է խոսքի ազատությունը:
Լրագրողներին իր աջակցությունը հայտնեց Շիրակի մարզի բնակիչ Սահակ Շիրոյանը: Նա անդրադարձավ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությանը, որն արվել է մեկ տարի առաջ ապրիլյան դեպքերից հետո: Սերժ Սարգսյանը առաջարկել էր լրագրողներին հրապարակներում շրջել՝ մեջքին «լրագրող» պիտակով, որ ոստիկանները նրանց մյուս ցուցարարներից տարբերեն:
«Թող ինքն էլ իր մեջքին գրի նախարար, Ռոբերտ Քոչարյանն էլ՝ նախագահ, որ ժողովուրդն իմանա»,- ասաց շիրակցին՝ շեշտելով, որ բռնատիրությանը վերջ է տրվելու:
Ի դեպ, այսօր ստեղծվել է «Ազատ խոսք» նախաձեռնող խումբ, որը փորձելու է պարզել «Ա1+»-ին պատկանող ավտոմեքենայից բռնագանձված տեխնիկայի ճակատագիրը: Հիշեցնենք, որ մեքենան տուգանային հրապարակ էր տարվել ապրիլի 2-ին՝ «Ա1+»-ի եթերազրկման երրորդ տարվա առիթով կազմակերված երթից հետո: Մի քանի օր հետո մեքենան վերադարձվել էր, դրանում եղած տեխնիկան՝ ոչ:
Ավելացնենք, որ ի պաշտպանություն «Ա1+»-ի ստորագրահավաքը կշարունակվի մինչեւ մայիսի 3-ը՝ Մամուլի ազատության օրը:
