NON-GOVERNMENTAL ORGANIZATION
««Ա 1+»-Ը ՖԻԼՏՐ ԷՐ»
«Այսօր եթերում»,- ծանուցում է Կոմիտասի հուշարձանի մոտ տեղադրված ցուցապաստառը` հայտնելով, որ այսօր կներկայացվեն քաղվածքներ մամուլի հրապարակումներից, ելույթներ մարդու իրավունքների վերաբերյալ, ինչպես նաեւ տեսանյութեր:
Այստեղ ժամը 18-21-ը տեղի ունեցավ «Ա1+»-ի եթերազրկման երրորդ տարելիցի առիթով կազմակերպված հերթական ակցիան: Տարբեր տարիքի ու սեռի մի քանի տասնյակ քաղաքացիներ մոտենում էին սեղանին եւ իրենց ստորագրությունը դնում պահանջի տակ՝ հրապարակել հեռուստատեսային ազատ հաճախակականությունների ցանկը, անցկացնել բաց, թափանցիկ մրցույթ: Ատորագրահավաքին մասնակցեցին նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամները:
« «Ա1+»-ը այն օրգանիզմն էր, որտեղ հստակ համատեղվել էին թե շենքը, թե տեխնիկան, թե աշխատակիցները: Տեսականորեն կատարելության էին հասել իրենք եւ այդ էր պատճառը, որ վախեցան եւ հեռուստաընկերությունը փակեցին»,- ասաց կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: «Ա1+»-ի եթերազրկումից երեք տարի անց նա կարծում է, որ. ««Ա1+»-ի տեղը զբաղեցնելու ցանկություն ունեցողների թիվը շատ է եղել, բայց դրա համար կատարելությանը հասնել է պետք: Գաղափարակիցների ու պրոֆեսիոնալների թիմ է անհրաժեշտ, որ մեկ տարում չի ձեւավորվում»:
Ըստ Արամ Սարգսյանի՝ «Ա1+»-ը «իրականը կեղծից տարբերող ֆիլտր էր»: Նա նաեւ համոզված է, որ այս իշխանությունների օրոք «Ա1+.»-ը չի բացվի: «Ես իմ ստորագրությունը չդրեցի այս իշխանություններին դիմելու համար, ես իմ ստորագրությունը դրեցի՝ համոզմունքով, որ «Ա1+»-ը պիտի բացվի»,- ասաց «Հանրապետության» կուսակցության առաջնորդը:
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի ակցիան կշարունակվի մինչեւ ապրիլի 12-ը` ամեն օր ժամը 19-ից 21-ը, Կոմիտասի արձանի մոտ, Կոնսերվատորիայի շենքի դիմաց:
