ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԽ ԾՈՒՅԼԻԿ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԵՆ

Ռուսաստանը չի կատարում Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, սակայն այդ երկիրը ունի միջուկային զենք եւ բոլորովին այլ կշռի պետություն է: ԵԽ անդամ պետություններից նաեւ Հայաստանն ու Ադրեբջանն են, որ կամավոր դարձել են այդ կառույցի անդամ, սակայն մինչ օրս չեն կատարել ստանձնած պարտավորությունների հիմնարար դրույթները, իսկ կատարված հատվածը ընդամենը իմիտացիա է:

Այսպիսի տեսակետներ այսօր արտահայտեցին ԱԺ պատգամավոր, «Արդարություն» դաշինքի անդամ Շավարշ Քոչարյանն ու Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Ազգային ժողովրդավարական ինստիտուտին կից քաղաքական բանավեճի ակումբը այսօր կազմակերպել էր քննարկում՝ «Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը» թեմայով:

Քննարկմանը իշխող կոալիցիայից որեւէ մեկը չի ցանկացել մասնակցել, այդ ուղղությամբ երկշաբաթյա բանակցություններն արդյունք չեն տվել: Մասնակցելու հրավերն ընդունածներից Մարդու իրավունքներ-ժողովրդավարություն կուսակցության ղեկավար Ռուբեն Թորոսյանին հետաքրքրում էր, թե ԵԽ հայաստանյան պատվիրակության անդամները որեւէ քայլ կատարե՞լ են միջազգային այդ կառույցում մեր երկրի իմիտացիոն պահվածքն արտացոլելու ուղղությամբ: «Մենք, այսինքն՝ պատվիրակությունում ընդդիմության ներկայացուցիչները, բազմաթիվ նամակներ ու առաջարկություններ ենք ուղարկել ԵԽ, որով ցույց ենք տվել, որ Հայաստանը չի ժողովրդավարանում եւ չի կատարում իր պարտավորությունները»,- պատասխանեց Շավարշ Քոչարյանը:

Նա նաեւ կանխատեսեց, թե աշնանը մեր երկիրը կարող է կանգնել ԵԽ անդամակցությունից զրկվելու փաստի առջեւ: Քննարկմանը ուշագրավ երկու հանգամանք ներկայացրեց Հելսինկյան կոմիտեի ղեկավարը: «Մեր ղեկավարները դարակներում պահած օրենքներ ունեն, որոնք իշխանությունը պահելու համար վտանգ չեն ներկայացնում, եւ երբ իրավիճակը սրվում է, դրանցից մի քանիսը ընդունում են, թե՝ տեսեք, մենք կատարում ենք պարտավորությունները»,- կարծում է Ավետիք Իշխանյանը:

Նրա բնորոշմամբ, ԵԽ-ին խոստացած բարեփոխումներից մի քանիսը չկատարելու հարցում իրար համակարծիք են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, թե՛ նույնիսկ հասարակությունը: Դրանք են՝ այլընտրանքային քաղաքացիական ծառայության, մահապատժի վերացման, կրոնական եւ սեռական փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների վերացման պահանջները: