NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՕՊԵՐԱՆ ՁԵԶ, ԵՐԵՎԱՆԸ ՄԵԶ
Այսօր ժամը 17-ին, երբ Օպերայի ազգային թատրոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին «նախագահական» համերգ էր, մի խումբ քաղաքացիներ Երեւանի կենտրոնում հանրահավաք-երթ էին կազմակերպել:
Միջոցառումը բոլորովին հակառուսական կամ հակապուտինյան աստառ չուներ: Ցուցարարները մայրաքաղաքի պատմամշակութային շինությունների լուսանկարներով ցուցապաստառները ձեռքներին՝ ահազանգում էին այդ ճարտարապետական կառույցների անխնա ոչնչացումը: Ակցիան կոչվում էր՝ «Փրկենք հին Երեւանի դեմքը»:
Երթը նշանակված ժամից քիչ ուշացումով սկսվեց Աբովյան 1/4 հասցեում գտնվող պատմամշակութային բազմաբնակարան շենքի մոտից: Կազմակերպիչները հրավիրել էին բոլոր լրատվամիջոցներին, սակայն լուսաբանում էր հեռուստաընկերություններից ընդամենը մեկը:
Ցուցարարներն անցան Արամի եւ Փավստոս Բյուզանդի փողոցներով, այնուհետեւ կառավարության առջեւով գնացին դեպի Երեւանի քաղաքապետարան: Երիտասարդները, որոնց շարքում էին նաեւ ուսանող սփյուռքահայերը, պաստառները պարզեցին քաղաքապետարանի մուտքի առջեւ, թռուցիկներ հանձնեցին ոստիկաններին ու քաղաքապետ Երվանդ Զախարյանի օգնականին: Քաղաքային իշխանության նորակառույց շենքը գրեթե դատարկ էր, քանի որ միտինգավորներն այնտեղ հասան աշխատանքային օրվա ավարտից հետո՝ 18:15-ին:
Երթին միացել էին նաեւ Հյուսիսային պողոտայի իրացվող տարածքի բնակիչներ, որոնք բռնել էին «Բյուզանդի 15, չի՛ վաճառվում» կարգախոսով պաստառներ: Այդ հասցեի բնակիչների հիմնական դժգոհությունը իրենց սեփականության դիմաց առաջարկվող չնչին գումարներն են: Անահիտ Մելքոնյանին, օրինակ, 50 քմ բնակմակերեսի դիմաց առաջարկվել է 14 000 դոլար, իսկ Արա եւ Մարինա Մնացականյաններին դա էլ չի առաջարկվել: Նրանք խուճապի մեջ են. «Ինչ-որ ՍՊԸ վիրտուալ շենքում ներկայիս զբաղեցրած բնակմակերեսի չափով եվրոնորոգված բնակարան է առաջարկում, սակայն այդ շենքն ուրիշ ֆիրմա է կառուցելու: Ծիծաղելի ու խորամանկ պայմանագրեր են առաջարկում ստորագրել, որ տունը ձեռքներիցս խլեն»:
