ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՆՈՐ ՕՋԱ՞Խ

Այսուհետ հատուկ հանձնաժողովն է որոշելու, թե որտեղ եւ ինչ պայմաններում պետք է իր ազատազրկումը կրի դատապարտյալը: «Քանի որ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները շփվում են բանտարկյալների հետ, նրանք ավելի լավ կիմանան, թե ինչպիսի ռեժիմները ճիշտ կլինեն բանտարկյալի համար»,-այսօր մեկնարկած երկօրյա փորձագիտական հանդիպման ժամանակ ասաց ԵԽ իրավական հարցերով թիվ 1 գլխավոր տնօրինության Քրեական հարցերի վարչության քրեական արդարադատության բաժնի աշխատակից Լուլյետա Կասան:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն արդեն նախարարությունում հրապարակել է հրամանի նախագիծ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղաբաշխման հանձնաժողով ստեղծելու եւ դրա գործունեության կարգը հաստատելու մասին: «Սա Եվրախորհրդի պահանջն է»,-այսօր կարգը ներկայացնելուց առաջ ասաց նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետ Նիկոլայ Առուստամյանը:

Այսպիսով, ըստ նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանի, հանձնաժողովն է որոշելու, «թե ով ումից պիտի անջատ պահվի»: Ֆինլանդիայի Ռահմակի բանտի պարետ տիկին Աննա Կատարինա Գրոնհոլմը հետաքրքրվեց, թե ասենք այսօր բանտի ղեկավարությու՞նն է որոշում խցերի ծանրաբեռնվածությունը: Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ կալանավայրում «հանձնաժողովի նման ինչ-որ բան կա, իրենք են որոշում»: Նիկոլայ Առուստամյանն ավելի անկեղծ էր. «Օրենսդրական կարգավորում չի ստացել այն հարցը, թե ինչպես է տեղաբաշխումը կատարվում հենց հիմնարկում»: