NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ
Արցախում ստեղծված եւ գործող հասարակական կազմակերպությունների շարքը համալրվեց եւս մեկով. դեռեւս 2004 թ. հունիսին հիմնադրվեց «Հանգանակ» հասարակական կազմակերպությունը, որն իր բնույթով եւ ուղղվածությամբ տարբերվում է գրեթե բոլոր կազմակերպություններից նրանով, որ այն զուտ բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Ինչպես տեղեկացրեց ծրագրի ղեկավար, բժիշկ-գինեկոլոգ Գոհար Հովհաննիսյանը, կազմակերպության ստեղծման նպատակը Ստեփանակերտում ապրող միայնակ կենսաթոշակառուների կյանքի եւ ապրելակերպի փոքրիշատե բարելավումն է, նրանց ինչ-որ չափով աջակցելը՝ ներառյալ առողջական վիճակը եւ դեղերի մատակարարումը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղում թոշակառուները ամենաանապահով խավն են եւ աջակցության կարիք ունեն, հիմնադիրների հետ միասին որոշեցինք իրականացնել սոցիալական եւ բժշկական ծրագիր»,- ասաց Գ. Հովհաննիսյանը։ Նշենք, որ այսօրվա դրությամբ «Հանգանակը» բարեգործական աջակցություն է ցույց տալիս մայրաքաղաքում ապրող 150 կենսաթոշակառուների։ Ծրագրի ղեկավարի բնորոշմամբ՝ կազմակերպությունը ներկայումս չափազանց կարեւոր եւ պատասխանատու շրջանում է գտնվում։ Եվ որպեսզի համարվի կայացած, կախված է ծրագրի արդյունավետությունից։ Այսօր այն նոր-նոր է ձեւավորվում, ու նրա անդամների ջանքերից շատ բան է կախված։ Եվ այն փաստը, որ սովորաբար գրանտներ շահում են կայացած կազմակերպությունները, իսկ «Հանգանակը» դա շահեց կազմավորման փուլում, խոսում է հենց հաղթանակի մասին։
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
