NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երեւանի քաղաքապետը խուսանավելու տեղ չունի
«Հետաքննող լրագրողների»` Երեւանի քաղաքապետարանից փաստաթղթեր ստանալու ոդիսականն արդեն ծանոթ է մեր ընթերցողներին: 2003 թվականից սկսած` կազմակերպությունը քաղաքապետ Երվանդ Զախարյանից պահանջում է Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի հանրային այգու տարածքների հողահատկացումների մասին որոշումները: Մեկ տարի ընթացող վիճաբանությունը Հայաստանի բոլոր դատական ատյաններում, ի վերջո, դրական արդյունք է տվել:
2004թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը բեկանել էր վերաքննիչ դատարանի վճիռը, որով մերժվել էր կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի` քաղաքապետի անգործությունը վիճարկելու մասին վերաքննիչ բողոքը, եւ գործն ուղարկել նույն դատարան` այլ կազով նոր քննության:
Դատավոր Վ. Ավանեսյանի նախագահությամբ` վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 1-ին նոր քննության արդյունքում բավարարեց լրագրողների հայցը եւ Երեւանի քաղաքապետարանին պարտավորեցրեց տրամադրել նշված տարածքների մասին կայացված որոշումները:
Չհաշտվելով պարտության հետ` քաղաքապետարանը վճռաբեկ բողոք ներկայացրեց ՀՀ վճռաբեկ դատարան:
2005թ. փետրվարի 10-ին Վճռաբեկ դատարանը, մնալով իր կարծիքին, վերաքննիչ դատարանի վճիռը թողեց անփոփոխ: Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանը պարտավորվում է «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրել նախկին քաղաքապետերի` 1997-2003թթ. բոլոր որոշումները, որոնք վերաբերում են Օպերայի հանրային այգու տարածքների հողահատկացումներին: Դատարանների վճիռները բողոքարկելու` Երեւանի քաղաքապետարանի բոլոր հնարավորություններն այլեւս սպառվել են:
Մեր պահանջած որոշումները կամավոր չտրամադրելու դեպքում քաղաքապետարանին դա կպարտավորեցնի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ), որի որոշումները չկատարելու համար «ԴԱՀԿ մասին» օրենքը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով (100.000 դրամ): Դատական ակտը չկատարելն առաջացնում է նաեւ քրեական պատասխանատվություն: ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածով ոչ միայն ավելի մեծ տուգանք է սահմանվում, այլեւ կալանք` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Լիանա Սայադյան
