Այսօր հայ խաղաղապահները մեկնում են Իրաք

Այսօր հայ խաղաղապահները մեկնում են Իրաք: Ինչպես օդանավակայանում ճանապարհման արարողությանը հաղորդել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, Իրաք է մեկնում 46 խաղաղապահներից կազմված զորակազմ՝ 10 սակրավոր, 30 վարորդ եւ 3 բժիշկ /թերապեւտ, սրտաբան, հոգեբույժ/, ինչպես նաեւ դասակի հրամանատար, կապի սպա եւ ընդհանուր հրամանատարը՝ կապիտան Գարուշ Ավետիսյանը:

Նրա խոսքով, սկզբում հայ խաղաղապահները կժամանեն Էլ-Քուվեյթ, երկու շաբաթ անց կտեղափոխվեն Իրաք՝ Քերբելա, Ալ-Իլլա բնակավայրերը: Զորակազմը կտեղաբաշխվի լեհական խաղաղապահ դիվիզիայի կազմում: Կպահպանվի խաղաղապահների 74 հազար դրամ ամենամսյա աշխատավարձը, իսկ Իրաքում արդեն նրանք կստանան ամսական 1000 ԱՄՆ դոլար: Խաղաղապահների պահման ծասերի մի մասը դրված է հայկական կողմի վրա, իսկ ծախսերի մեծ մասը կիրականացնի ամերիկյան կողմը: Խաղաղապահների Իրաքում գտնվելու ժամկետը կես տարի է՝ հետագա ռոտացիայով: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: