NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդասիրական իրավունքի գործնական բառարանի շնորհանդեսը Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում (հունիս-դեկտեմբեր 2004թ.)
Ա. Հեղինակը եւ «Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) կազմակերպությունը
1999թ.-ին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հրատարակել
է մարդասիրական իրավունքի գործնական բառարանը: Բառարանը, որը նախապես լույս էր
տեսել ֆրանսերեն լեզվով, հետագայում թարգմանվեց անգլերեն, իսպաներեն, թուրքերեն,
պորտուգալերեն եւ ռուսերեն: Արաբերեն տարբերակի հրատարակումը սպասվում է 2005թ.-ին:
Ռուսերեն տարբերակը լույս է տեսել 4000 տպաքանակով` մասնավորապես շվեյցարական եւ շվեդական
կառավարությունների, Եվրոպայի Խորհրդի եւ «Ինտերնյուս» կազմակերպության աջակցությամբ:
Այն նախատեսված է ԱՊՀ բոլոր երկրների համար:
Սույն բառարանի հեղինակը` Ֆրանսուազ Բուշե-Սոլնիեն, ԲԱՍ հիմնադրամի
հետազոտական կենտրոնի տնօրենն ու ԲԱՍ կազմակերպության իրավական պատասխանատուն է եւ
ավելի քան 15 տարի աշխատում է ԲԱՍ-ում : «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային
մարդասիրական կազմակերպությունը 1999թ. արժանացել է խաղաղության բնագավառում Նոբելյան
մրցանակին` շուրջ 30 տարի իրականացվող իր գործունեության համար: Կազմակերպությունը
ծրագրեր է իրականացնում աշխարհի մոտ 80 երկրներում. արտերկրից գործուղված 1714 մասնագետ
եւ տեղացի 14900 աշխատակից է ընդգրկված կազմակերպության անմիջական աշխատանքներում:
Առաքելությունների գերակշռող մասը կապված է զինված ընհարումների հետ. իրավիճակներ,
որոնք կամ ուղղակի կապ ունեն բռնության հետ կամ ընդհարումների ուղղակի հետեւանքն
են : Տվյալ դեպքում ԲԱՍ-ն աշխատում է փախստականների, տեղահանվածների, զինված ընդհարումների,
լայնածավալ բռնությունների եւ քաղաքացիական բնակչության դեմ հանցագործությունների զոհերի
հետ եւ այլն: Գործունեության մոտ 25%-ը կազմում է լայնածավալ համաճարակների եւ
տեղաճարակների դեմ պայքարը (ՁԻԱՀ, պալարախտ, մալարիա): ԲԱՍ-ը նաեւ մասնակցում է
նոր դեղամիջոցների հետազոտմանը (ՁԻԱՀ-ի, տրոպիկական հիվանդություններ-ի, պալարախտի
դեմ եւ այլն) : ԲԱՍ-ի գործունեության մնացած 25%-ը նվիրված է աղքատության պատճառով
հասարակությունից օտարված եւ խոցելի բնակչության հետ աշխատանքին: Այս դեպքում կարեւորվում
է փողոցի երեխաների կամ սոցիալական եւ տնտեսական պատճառներով հասարակությունից դուրս
մղված այլ խմբերի համար օգնության հասանելիությունը, պաշտպանությունը եւ հասարակության
մեջ ներգրավումը:
Բ. Բառարանի նպատակները.
1. Տեղեկություն տալ միջազգային կամ ներքին զինված ընդհարումների
իրավիճակներում կիրառվող միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի եւ դրանց բովանդակության
մասին: Միջազգային կոնվենցիաները սահմանում են.
- ընդհարումներում ներգրավված անհատների կամ ընդհարումների զոհերի
տարբեր կատեգորիաների (քաղաքացիական բնակչություն, մարտիկ, հիվանդներ եւ վիրավորներ,
գերիներ եւ այլն) իրավունքներն ու պարտականությունները,
- զինված ընդհարումների զոհերի խնամքին եւ օգնությանն առնչվող
հիմնարար երաշխիքները, որոնք սահմանված են պատերազմի հանցագործությունների, մարդկության
դեմ հանցագործությունների եւ ցեղասպանության դեմ պայքարի շրջանակներում,
- զոհերի օգնության եւ պաշտպանության բնագավառում` Կարմիր
խաչի միջազգային կոմիտեի եւ այլ մարդասիրական անկողմնակալ կազմակերպությունների,
ինչպես օրինակ` ԲԱՍ-ը բժշկական ոլորտում, միջազգային կոնվենցիաներով ընդունված իրավունքն
ու դերը:
2. Ներկայացնել ներկայումս բուռն զարգացման փուլում գտնվող միջազգային
քրեական իրավունքի հիմնական տարրերը (Ռուանդայի եւ նախկին Հարավսլավիայի առնչությամբ
ստեղծված քրեական դատարանները, նրանց դատաիրավական գործունեությունը, Միջազգային քրեական
դատարանը եւ այլն):
3. Ներկայացնել ՄԱԿ-ի համակարգի տարբեր կազմակերպությունների
մանդատն ու գործունեությունը, ինչպես նաեւ ընդհարումների կառավարմամբ, բնակչության
պաշտպանությամբ եւ օգնությամբ զբաղվող տարածաշրջանային կազմակերպությունները:
4. Ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային
կազմակերպությունները եւ այդ իրավունքների ոտնահարումից տուժածների համար գոյություն
ունեցող իրավական պաշտպանության միջոցները, ինչպես նաեւ բնակչության առավել խոցելի
խմբերի` կանանց, երեխաների, կալանվածների պաշտպանությունը:
Բառարանն ընդգրկում է մոտ 200 խորագիր` հստակ սահմանված իրավաբանական
հասկացություններով: Ներկայացվում եւ վերլուծվում են մոտ երեսուն միջազգային եւ
տարածաշրջանային կոնվենցիաներ, որոնք առնչվում են ոչ միայն մարդասիրական իրավունքին,
այլեւ մարդու իրավունքներին, կանանց եւ երեխաների իրավունքներին, փախստականների եւ
տեղահանվածների իրավունքներին, միջազգային քրեական իրավունքին եւ խաղաղության պահպանմանը:
Գ. Բառարանի նշանակությունը
Սա իրավաբանական բառարան է: Այն անկասկած կհետաքրքրի իրավաբաններին,
հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ արդեն հնարավոր է մարդասիրական իրավունքի
խախտման դեպքերում դիմել նոր կազմավորված Միջազգային քրեական դատարան:
Սակայն այս բառարանը նախ եւ առաջ նախատեսված է հասարակական
կազմակերպությունների անդամների, լրագրողների, ուսանողների, օգնություն ցուցաբերող
կազմակերոպությունների անդամների, բոլոր շարքային քաղաքացիների համար, ովքեր փորձում
են հասկանալ, թե որոնք են զինված ուժի կիրառման օրինական սահմանները եւ ինչ միջոցներ
գոյություն ունեն քաղաքացիական բնակչության հանդեպ կիրառվող ռազմական բռնությունը
սահմանափակելու համար:
Մարդասիրական իրավունքը սկիզբ է առել Երկրորդ համաշխարհային
պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ զինված ընդհարումների դեպքում զոհերի 90%-ը
խաղաղ բնակչությունն է: Երկրորդ պատճառն այն է, որ պետությունները գիտակցեցին, որ
շատ հաճախ զինված ընդհարումների ժամանակ իրենք ի վիճակի չէին սեփական քաղաքացիներին
պաշտպանելու: Այսպիսով, ծնվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը կոչված է
հետեւել պետությունների կողմից` ժնեւյան Կոնվենցիաներով եւ համապատասխան Արձանագրություններով
սահմանված մարդասիրական իրավունքի պահպանմանը:
Մարդասիրական իրավունքը կիրառվում է ընդհարումների իրավիճակում
մարդասիրական կազմակերպությունների բանակցությունների եւ օգնության ցուցաբերման գործունեության
շնորհիվ եւ միջոցով: Ուստի անհրաժեշտ է, որ հասարակ քաղաքացիները եւ մարդասիրական
կազմակերպությունների անդամները ճանաչեն այդ իրավունքը եւ դրա բաղկացուցիչ հասկացությունները:
Բառերի հետ խաղալը նշանակում է խաղալ իրավունքի հետ:
Մարդասիրական իրավունքը սահմանում է որոշակի կատեգորիաներ` մարտիկներ,
քաղաքացիական բնակչություն, ռազմագերի, կալանվածներ, հիվանդներ, վիրավորներ, օգնություն
ցուցաբերող կազմակերպության անձնակազմ եւ այլն: Ըստ այդմ, յուրաքանչյուրն օգտվում է
յուրահատուկ իրավունքներից` ըստ այն կատեգորիայի, որին համապատասխանում է:
Հետեւաբար, փոխելով բառերը կամ նոր կատեգորիաներ ստեղծելով, մարդկանց զրկում են իրենց
իրավունքներից: Օրինակ, ընդհարման իրավիճակում գոյություն ունի միայն երկու
կատեգորիա` քաղաքացիական անձ եւ մարտիկ: (Երբ քաղաքացիական անձն անմիջական մասնակցություն
է ունենում բախումներին, նա դառնում է մարտիկ իր մասնակցության ընթացքում): Մարդասիրական
իրավունքում գոյություն չունեցող` անօրինական մարտիկի կարգավիճակը հորինելով` ամերիկացիներն
իրենց կողմից Աֆղանստանում եւ Իրաքում վերցված գերիներին զրկել են ռազմագերիի կարգավիճակի
պաշտպանությունից, ինչը նրանց թույլ է տալիս այդ մարդկանց գաղտնի կամ անօրինական կերպով
կալանված պահել եւ հարցաքննել Գուանտանամոյի կամ այլ ռազմական բազաներում:
Այդ նույն երեւույթն է տեղի ունենում «ահաբեկիչ» հասկացության
չարաշահման դեպքում, ինչն արվում է զինված ընդհարման գոյությունը ժխտելու եւ այդ ընդհարման
շրջանակներում բռնության դիմող անձանց մարտիկի կարգավիճակը չընդունելու նպատակով:
Այդ երեւույթն արդեն վաղուց գոյություն ունի Չեչնիայում, ուր ռուսական իշխանությունները
հրաժարվում են զինված ընդհարման գոյությունն ընդունել: 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո
ԱՄՆ-ի ձեռնարկած «ահաբեկչության դեմ պատերազմը» հանգեցրել է երկու պատերազմի` մեկն
Աֆղանստանում, մյուսն` Իրաքում: Նման իրավիճակում բռնության դիմող անձինք պետք է
ճանաչվեն որպես մարտիկ: Կարելի է դատական հետապնդման ենթարկել նրանց, եթե վերջիններս
կատարել են պատերազմի հանցագործություն, մասնավորապես եթե կիրառել են ահաբեկչական
մեթոդներ, սակայն միայն բռնության կիրառումը դեռեւս բավարար պատճառ չէ:
Պետք է տարբերակել ահաբեկչության դեմ պատերազմը զինված ընդհարման
շրջանակներում եւ ահաբեկչության դեմ պայքարը` խաղաղ ժամանակաշրջանում: Այն պահից,
երբ պետությունները որոշում են որոշակի ծավալով եւ որոշակի տեւողությամբ գործողություններում
զինված ուժեր օգտագործել, նրանք պարտավոր են կիրառել եւ հարգել մարդասիրական իրավունքը:
Իրավունքը չի հանդուրժում անորոշություն.
Երբ որեւէ անձին չի տրվում այս կամ այն կարգավիճակը, ապա վերջինիս
պետք է առաջարկվի մեկ այլ կարգավիճակ: Օրինակ` հնարավոր չէ որեւէ մեկին չճանաչել
ո'չ որպես քաղաքացիական անձ, ո'չ որպես մարտիկ: Այն ժամանակաշրջանի համար, երբ
կարգավիճակը դեռ հստակեցված չէ, մարդասիրական իրավունքը նախատեսում է նվազագույն պաշտպանություն,
որը լրացվում է կարգավիճակի շնորհման ընթացակարգային երաշխիքներով:
Օրենքի հարգումը նաեւ զինված ուժերի արդյունավետության գրավականն
է: «Մարտիկի» կարգավիճակը նվեր չէ, այլ անհատների հետ վարվելակերպի շրջանակ, որը հնարավորություն
է տալիս սահմանափակել չարաշահումները եւ զինված ուժերի ներսում որոշակի կարգապահություն
եւ արդյունավետություն պահպանել: Այն շատ կարեւոր է նաեւ զինված ուժերի բարոյահոգեբանական
մթնոլորտի համար: Հատկանշական է, որ մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների մասնակցած
մարտիկները ձեռք են բերում լուրջ տրավմաներ. այս դեպքում խոսում են «վետերանների
համախտանիշի» մասին: Պատերազմի հանցագործությունները եւ մարդկության դեմ հանցագործությունները
խորտակում են եւ' դրանց զոհերի, եւ' դրանց հեղինակների կյանքը:
«Ահաբեկչության դեմ համընդհանուր պատերազմի» ներկայիս պայմաններում
կոչեր են հնչում Ժնեւյան կոնվենցիաների եւ Արձանագրությունների «բարեփոխման» առնչությամբ,
այն պատճառաբանությամբ, թե վերջիններս այլեւս արդիական չեն` ահաբեկիչների պայքարի
նոր ձեւերի գոյության պայմաններում: Այդ մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը:
1977թ.-ին ժնեւյան կոնվենցիաների լրացուցիչ Արձանագրությունները փորձել են պատասխան
գտնել ապագաղութացման, ազգային ինքնորոշման եւ անկախության պատերազմների եւ դիմադրության
շարժումների շրջանակներում ի հայտ եկած պատերազմի նոր ձեւերին եւ մեթոդներին եւ դրանց
հետ կապված խնդիրներին: Այդ ժամանակից ի վեր ահաբեկչությունը ճանաչվում եւ պատժվում
է որպես պատերազմի մեթոդ, որի հիմնական նպատակն է բնակչության շրջանում սարսափ
տարածել: Ահաբեկչությունը վաղուց գոյություն ունի եւ այս աղետի դեմ պատերազմում
կարելի է հաղթանակ տանել միայն Ժնեւյան Կոնվենցիաներին եւ իր Արձանագրություններին,
ինչպես նաեւ իրավական պետության սկզբունքներին համապատասխան միջոցներով: Քանզի ամեն
անգամ, երբ անտեսվում է օրենքը, շատ նպաստավոր դաշտ է ստեղծվում մարդասիրական իրավունքի
եւ մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման համար: Մարդասիրական իրավունքի կիրառումը
թուլության նշան չէ, ընդհակառակը, այն կիրառողը եւ հարգողը դառնում է ավելի ուժեղ:
Մարդասիրական իրավունքի առաջնային նպատակն ընդհարումների ժամանակ մարդասիրական տարածքներ
ստեղծելն է` քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաեւ զինված ուժերի անդամներին «համընդհանուր
պատերազմի» վտանգից պաշտպանելու համար:
Ընդհարման ընթացքում մարդասիրական գործունեությունը չի հանդիսանում
պետության ներքին գործերին միջամտություն, պայմանով որ այդ գործունեթյունը անկախ է
եւ անկողմնակալ: ԲԱՍ-ը միշտ նախանձախնդրորեն հետեւել է անկախության եւ անկողմնակալության
սկզբունքներին: Այդ է պատճառը, որ կազմակերպության գործունեության ֆինանսավորման
80%-ը կազմում են անհատների, այլ ոչ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների
նվիրատվությունները: Իրավամբ, անկախությունը եւ չեզոքությունը մարդասիրական գործունեության
արդյունավետության կարեւորագույն երաշխիքներ են:
Ֆրանսուազ Բուշե-Սոլնիե
Էլ. փոստ`
francoise.saulnier@paris.msf.org
Բառարանի օրինակներ կարելի է պատվիրել հետեւյալ ինտերնետային կայքերից.
http://bestseller.giftbooks.ru/NewBook/Colibri/Colibri_040729c.htm
http://alfavit.r2.ru/cgi-bin/page.pl?pn=7&query=@209292@&stpos=0&stype=AND
Կամ դիմել անմիջականորեն «MԼK» հրատարակչութուն (Մոսկվա)
Հեռ.` 00.7.095.921.41.42
Էլ. փոստ`
mic@inbox.ru
