NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՆՑ Է ԿԱՑՐԵԼ ԴԻՏԱՐԿՈՒՄ
2002 թ. հոկտեմբերից գործող «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը 2003 թ. ապրիլից դիտարկումներ է անցկացնում ոստիկանության քրեական պատիժների կատարման բաժնում (նախկին Շուշիի բանտ) եւ քննչական մեկուսարանում։ Կատարված դիտարկումների մասին հաշվետվությունները կենտրոնն ուղարկում է Եվրախորհուրդ, ԵԱՀԿ,ԿԽՄԿ, ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով գլխավոր կոմիսարին, «Միջազգային համաներում» եւ «Միջազգային բանտերի բարեփոխումներ» կազմակերպություններին, ԼՂՀ համապատասխան կառույցներին։ Ինչպես մեզ հայտնել է Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալբերտ Ոսկանյանը, օրերս կենտրոնը ԼՂՀ իշխանություններից թույլտվություն է ստացել դիտարկել բանտի ոչ միայն ընդհանուր եւ ուժեղացված, այլեւ հատուկ, բանտային եւ խիստ ռեժիմները։ Այս օրերին նշված հինգ ռեժիմներում կայացել է դիտարկում։ Ալբերտ Ոսկանյանի խոսքերով, բանտում գտնվող անձանց հոգեբանական եւ ֆիզիկական իրավիճակը, նրանց իրավունքների պահպանումը, սանիտարահիգիենիկ պայմանները, սնունդը եւ ժամանցը կազմակերպվում են պատշաճ մակարդակով։ ՔՆԿ-ն մի շարք առաջարկություններ է արել՝ ուղղված թերությունների վերացմանը։ Ինչպես նշվում է կազմակերպության պրես-ռելիզում, ՔՆԿ-ն ողջունում է մահապատժի վերացումը ԼՂՀ-ում եւ կոչ է անում հանրապետության պենիտենցար հաստատությունները ոստիկանության իրավասությունից տեղափոխել արդարադատության նախարարության իրավասության տակ։ Բացի բանտերի դիտարկումից՝ կենտրոնը Շուշիի բանտին եւ քննչական մեկուսարանին է տրամադրել կամավորների հավաքած 700 գրքերը։ 2003 թվականի ապրիլին Ստեփանակերտում կենտրոնն անց է կացրել բանտային բարեփոխումներին նվիրված տարածաշրջանային առաջին սեմինարը։ Բացի այդ, ՔՆԿ-ն աշխատում է բանտերում գտնվող այն մարդկանց հետ, ովքեր հոգեբանական վերականգնման կարիք ունեն։
