NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՎԵԼ ԵՆ
«Օմբուդսմենի պաշտոնը բացառիկ է. նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում ոչ մի տեղ նշված չէ պետական պաշտոն հասկացությունը: Այսօր Օմբուդսմենի գրասենյակի աշխատողներին վերահսկողության տակ պահելով անկախությունից զրկում են նաեւ մարդու իրավունքների պաշտպանին»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ օմբուդսմենի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու Ժորա Խաչատրյանը: Նա է, ի դեպ, մասնակցել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այն նիստին, որտեղ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի վետոյի հարցը:
Այսօր հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը ԱԺ նիստում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նկատմամբ վետոյի հարցի քննարկման ժամանակ տեղեկացրեց, թե օմբուդսմենի ներկայացուցիչը իրենց հանձնաժողովի նիստում չկարողացավ բացատրել, թե ինչու են իրենք դեմ քաղծառայության համակարգի տակ անցնելուն:
Այնինչ, Ռաֆիկ Պետրոսյանն ուղղակի թույլ չի տվել խոսել Ժորա Խաչատրյանին, ասելով. «Ձեր այդ առարկությունները նախագահին կներկայացնենք, մենք այստեղ վետոյի հարցն ենք քննարկում»:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նիստում վրդովվել է «բացառիկ պաշտոն» ձեւակերպումից. «Աստվածային պաշտո՞ն է, ի՞նչ է: Վերջացրեք»:
«Եվ այդպես ինձ զրկեցին խոսելու հնարավորությունից»,- մեզ հետ զրույցում ասաց Ժորա Խաչատրյանը:
