NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գիտնականներ թ՞ե սպայեր կամ ինչի մասին է լռում Պաշտպանության նախարարությունը
Սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության կողմից որոշում է ընդունվել`
ՀՀ զինված ուժեր զինակոչել գիտական աստիճան (գիտության թեկնածու, դոկտոր), ինչպես
նաեւ 3 ու ավելի երեխա ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպայերին:
Այդ կապակցությամբ երեկ, դեկտեմբերի 6-ին, «Հայկական Բժշկական Ասոցիացիա»
հասարակական կազմակերպությունը «Մարիոտ» հյուրանոցում մամլո ասուլիս էր հրավիրել:
Կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ ի մասնավորիս ասվում է.
«Մենք կասկածի տակ ենք դնում սույն որոշման նպատակահարմարությունը, քանի որ մեզ
համար անհասկանալի է այն հայտարարությունը, որ ՀՀ զինված ուժերը բժիշկ մասնագետների
կարիք ունեն: Հայտնի է, որ արդեն 10 տարի է ինչ շրջանավարտներ է տալիս ԵրՊԲՀ-ի
ռազմաբժշկական ֆակուլտետը, որի նպատակն է ապահովել մեր հանրապետության զինված
ուժերը համապատասխան բարձրորակ մասնագետներով: Հայտնի է, որ ամեն տարի այդ
ֆակուլտետ են ընդունվում բազմաթիվ ապագա բժիշկներ, որոնցից ոչ բոլորն են հետագայում
համալրում զինված ուժերի շարքերը: Հարց է առաջանում թե ի՞նչ ճանապարհով — ու՞ր են
անհետանում պաշտպանության նախարարության սեփական կադրերը:» Եվ այնուհետեւ. «Նման
պարագայում ինչքանո՞վ է նպատակահարմար 2 տարով զորակոչել մեր հանրապետության
քաղաքացիական բժշկության ասպարեզում աշխատող, ստեղծագործող — արդեն կայացած
գիտական ներուժը: Այդ քայլը լուրջ հարված կհասցնի այն բուժհաստատություններին —
գիտական ամբիոններին, որոնք տարիներով աճեցրել են այդ գիտնականներին»:
Այս ամենից զատ, ՀՀ կառավարության տվյալ որոշումը բավականին վիճելի է օրենքի
տեսակետից: Այն որոշակիորեն հակասում է ՀՀ «Զինապարտության մասին » օրենքի հոդված
12-ին, որտեղ 1ե կետով սահմանված է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող
ենթախմբերի ցանկը, որի մեջ ընդգրկված են նաեւ գիտական կոչում ունեցող անձինք:
Հակասությունը կայանում է նաեւ նրանում, որ օրենքի մեկ այլ կետով սահմանվում է
պահեստային սպայերի զինակոչը, ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա:
«Սակայն նմանատիպ դեպքերում օրենքը պետք է մեկնվի հօգուտ շահառուի», - շեշտում են բժիշկները:
Ըստ «Հայկական Բժշկական Ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների, զորակոչման են ենթակա
35-ը չբոլորած մոտ 100 բժիշկ-սպաներ, այդ թվում նաեւ գիտական կոչում ունեցող բժիշկներ:
Բժիշկները խոստացան շարունակել երկխոսության ճիգերը բոլոր հետաքրքրված կողմերի
հետ եւ բոլոր ջանքերը կիրառել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ:
Ամենից զատ, ակնհայտ է, որ ընթացիկ տարում սա արդեն մեր կառավարության երկրորդ փորձն
է զորակոչը լրացնել պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով ազատվող խմբերով
(տես`մագիստրոսներին եւ ասպիրանտներին զորակոչելու ս.թ. մարտին տապալված որոշումը
): Պարզ չէ, սակայն, թէ ինչ է կանգնած այս որոշումների ետեւում` ահավոր ծավալներ
ընդունած արտագաղթը, զինված ուժերի խորը ճգնաժամը, կոռուպցիան համակարգի բոլոր
շերտերում, նոր քաղաքական մարտահրավերները, թե այլ ու ավելի քիչ ակնհայտ
նախապատճառներ: Եվ ակամայից հարցերի մի երկար շարան է առաջանում` էլ ու՞մ են
զորակոչելու մոտ ապագայում- միգուցե 2-րդ կարգի հաշմանդամներին, կամ իջացնելու են
զինապարտության ցեզը մինչեւ 16 տարեկան կամ ներգրավելու են զորավարժությունների
նաեւ թոշակառուներին
Եվ ի վերջո, ինչի մասին է լռում ՊՆ-ն...
Իզաբելլա Սարգսյան
