NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ԵՆ
Կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների առողջական վիճակի գնահատման արդյունքների համաձայն Երեւանի հատուկ դպրոցներում գտնվող հատուկ կարիքներ ունեցող երեխաները ունեն բազմաթիվ առողջական եւ զարգացման խնդիրներ:
Հետազոտությունը իրականացվել է «Երեխաների առողջության պահպանման ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պահանջով եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ:
Հետազոտությունը իրականացվել է մտավոր հետամնաց երեխաների Նուբարաշենի N1 եւ 11 դպրոցներում, վատ լսող երեխաների N9 դպրոցում եւ վարքագծային խնդիրներ ունեցող երեխաների Նուբարաշենի N18 դպրոցում:
Այս դպրոցներում ուսումնասիրության ենթարկված երեխաների ավելի քան 60%-ը Երեւանից էին, մնացածը` հարեւան մարզերից: Հետազոտված երեխաների մոտավորապես 16%-ը (62 երեխա) չէր համապատասխանում դպրոցի չափանիշներին, այնուամենայնիվ այդ երեխաների ներառումը հանրակրթություն արդեն ուշացած է:
Բազմաթիվ երեխաների մոտ հայտնաբերվել են քրոնիկ հիվանդություններ, այդ թվում այնպիսիք, որոնց համար անհրաժեշտ է անհետաձգելի բժշկական միջամտություն: Մասնավորապես հետազոտված երեխաների մոտ 17%-ը ունի լսողության խանգարումներ, որոնք առաջացել են քրոնիկ նշիկաբորբի եւ միջին ականջի բորբոքման պատճառով:
Հաճախ դպրոցի ղեկավարությունը չի կարողացել երեխաներին տրամադրել համապատասխան բժշկական օգնություն մասնագիտացված բժշկական անձնակազմ, ինչպես նաեւ հատուկ բժշկական միջամտություն թույլատրելու իրավական լիազորություններ չունենալու պատճառով:
Հետազոտությունը ցույց տվեց նաեւ, որ 391 երեխաներից 28-ը (7%) ենթարկվել է ֆիզիկական բռնության ընտանեկան միջավայրում իսկ 9-ը երեխա (2%) բռնության է ենթարկվել դպրոցներում:
