NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԾԵԾՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Երեւանի մամուլի ակումբի, Հայաստանի ժուռնալիստների միության եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը.
2004 թվականի հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում հրապարակման համար հրշեջ պաշտպանության Արագածի բաժանմունքի պետի եւ նրա տեղակալի կողմից ծեծի է ենթարկվել «Արագած աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Վարդեւան Գրիգորյանը: Միջադեպն արտառոց է նրանով, որ նույն անձը (հրշեջ ծառայության պետը) նույնատիպ բռնություն Վարդեւան Գրիգորյանի նկատմամբ իրականացրել էր նաեւ հինգ տարի առաջ, ինչի համար ենթարկվել էր կարգապահական տույժի:
Սա հոկտեմբեր ամսվա ընթացքում մարզային լրագրողների նկատմամբ իրականացված երկրորդ նմանատիպ դեպքն է, եւ ապացուցում է մեր նախորդ հայտարարություններում ասվածը, որ անպատժելիության մթնոլորտը նոր հանցագործություններ է առաջ բերում, որոնց ալիքն այժմ տարածվում է հանրապետության մարզերում:
Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն դատապարտում են «Արագած աշխարհ» թերթի գլխավոր խմբագրի նկատմամբ իրականացվածը եւ պահանջում են իրավապահ մարմիններից՝ կատարել միջադեպի օբյեկտիվ քննություն ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության:
Երեւանի մամուլի ակումբ
Հայաստանի ժուռնալիստների միություն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
