ԼՐԱԳՐՈՂ ԾԵԾԵԼԸ ՏՈՒԳԱՆՔԻՑ ԱՃԵՑ ՄԻՆՉԵՒ 6 ԱՄՍՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 6 ամսվա ազատազրկման դատապարտեց լրագրողներ Աննա Իսրայելյանի եւ Մխիթար Խաչատրյանի գործով ամբաստանյալ Գագիկ Ստեփանյանին:

Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում էր օգոստոսի 24-ին Ծաղկաձորի Գրողների հանգստյան տանն այս մարդը բռնությամբ, հայհոյանքներով եւ խուլիգանական այլ դրսեւորումներով «Ֆոտոլուր» գործակալության աշխատակից Մխիթար Խաչատրյանից խլել էր ֆոտոխցիկի հիշողության չիպը, վիրավորել էր «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանին:

Այսօր էլ ամբաստանյալը աջ ու ձախ հայհոյում էր դատավարությունը լուսաբանող լրագրողներին, ընդ որում դրանք ամենավերջին բնույթի սեռական հայհոյանքներ էին:

Մինչ դատավճռի կայացումը դատավոր Նունե Պողոսյանն ընթերցեց վկաներ Գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանի եւ Ծաղկաձորի Գրողների հանգստյան տան օպերատոր Ժաննա Բալայանի ցուցմունքները:

Պարոն Եղիազարյանը հիշում էր, որ ամբաստանյալը Մխիթար Խաչատրյանի Ծաղկաձորի Գրողների հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանի աշխատասենյակ հրելով ասում էր. «Դու գիտե՞ս, թե դա ում տարածքն է» (նկատի ուներ այն տարածքը, որը լուսանկարում էր Մխիթար Խաչատրյանը եւ որտեղ, ըստ գործի նյութերի, իր ընկերուհու հետ սիրով էր զբաղվում ամուսնացած եւ երկու երեխայի հայր ամբաստանյալ Գագիկ Ստեփանյանը):

Ի դեպ, մեղադրանքի շրջանակներում այդպես էլ պարզ չդարձավ, թե ում տարածքն էր լուսանկարում Մխիթար Խաչատրյանը եւ այդ ի՞նչ աղջկա հետ էր սիրով զբաղված ամբաստանյալը: Այնուհետեւ պարոն Եղիազարյանը Ծաղկաձորի Գրողների հանգստյան տան նախասրահում տեսնում է Աննա Իսրայելյանին եւ հարցնում. «Դուք որեւէ անօրինական բա՞ն եք արել»:

Մինչ այդ պարոն Եղիազարյանը հիշում է, որ ամբաստանյալը Մովսես Մանուկյանի աշխատասենյակ է մտել հայհոյանքներով, որի շնորհիվ վկան գտնվել է «ցնցված վիճակում»: Վկա Ժաննա Բալայանը, որը դեպքի պահին նախասրահում էր, հիշում է, որ ամբաստանյալը մոտեցավ Մխիթար Խաչատրյանին, «հարվածեց նրան, խլեց ֆոտոապարատը եւ սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ»:

Գործով մեղադրող Կորյուն Փիլոյանը ամբողջությամբ ապացուցված համարեց ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, «ընկերուհուն» անվանեց «երեւակայական», նշելով, որ ոչ մի ընկերուհի էլ չի եղել: Այնուհետեւ պահանջեց 100 հազար դրամի չափով տուգանել Գագիկ Ստեփանյանին եւ ազատազրկել 6 ամիս ժամանակով:

Տուժողի ներկայացուցիչ Ռուզան Մինասյանը պահանջեց 1 տարի ազատազրկում, քանի որ ամբաստանյալի արարքը «հասարակական վտանգավորություն ուներ»:

Տուժող Աննա Իսրայելյանն ավելացրեց, որ հասկանում է, որ գործը քննվում է մեղադրանքի շրջանակներում եւ որ «իրական մեղավորը, որը ամբաստանյալին դրդեց այդ քայլին, չի բացահայտվի»: Վերջին խոսքում ամբաստանյալն ասաց. «Ոչ մի բան չունեմ ասելու»: