NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԼԻՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
Ինչպես մեզ հայտնել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ տեղեկատվության հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ծրագրում իր նախաձեռնությամբ ընդգրկվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծը։ Հնարավոր է, որ օրինագիծը քննարկվի ԱԺ հոկտեմբերյան նիստում։ Եթե օրենքն ընդունվի, մեր երկրում առաջին անգամ կնշանակվի օմբուդսմեն՝ մարդ, որի միակ պարտականությունը մարդու իրավունքները պաշտպանելն է։ Առաջին անգամ այդ հասկացությունը երեւան է եկել Շվեդիայում։ 20-րդ դարի երկրորդ կեսին աշխարհի երկրների մեծ մասն արդեն ուներ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ։ Հիմնականում օմբուդսմենը նշանակվում է խորհրդարանի կողմից, թեկուզ մի շարք երկրներում դրան մասնակցում է նաեւ նախագահը։ Բայց ի սկզբանե դա մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական ձեւ է։ Օմբուդսմենի որոշումները, որպես կանոն, իրավական ուժ չունեն, սակայն օմբուդսմենի հաշվետվության մեջ նեգատիվ երանգով ընդգրկվելը ցանկացած պաշտոնյայի համար հարված է քաղաքական կարիերային։ Հատկանշական է, որ մարդու իրավունքների պաշտպանը դիտարկում է արարքները ոչ միայն օրենքին, այլեւ արդարությանը եւ նպատակահարմարությանը համապատասխանելու տեսակետից։ Որպես կանոն, օմբուդսմեն է նշանակվում հասարակության մեջ անկեղծ հեղինակություն վայելող, հարգված մարդ, որն ի վիճակի է աշխատել անկախ։ Թե ով կնշանակվի օմբուդսմեն Ղարաբաղում օրենքն ընդունելուց հետո, հասարակության մեջ դեռ չի քննարկվում։ Կարելի է ենթադրել, որ դա կլինի օրենքի քննարկմանը զուգահեռ։
