NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զինված ուժերում մահվան դեպքերը նվազել են

ՀՀ զինված ուժերում 2011 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Մասնավորապես՝ ամփոփումները վկայում են, որ 2011թ արձանագրվել է զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան 36 դեպք (որից 30-ը հանցագործության հետևանքով, այդ թվում' 10-ը հակառակորդի կողմից կատարված)' 2010 թվականին գրանցված 54 դեպքի դիմաց:
Այսինքն' ՀՀ զինված ուժերում արձանագրված զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան ելքով դեպքերը 2011 թվականին նվազել են մոտ 33.3 տոկոսով: Ընդ որում' անցած տարի գրանցվել է ծառայություն անցնելու հետ կապված սպանության երկու դեպք, նախորդ' 2010 թվականին սպանության 17 դեպքի համեմատությամբ: Այսինքն' այս ցուցանիշը նվազել է շուրջ 80,8 տոկոսով:
Իհարկե, անգամ մեկ մահվան դեպքը զինված ուժերում խիստ մտահոգիչ է և մարդու կյանքի մասին գնահատականները տալ թվային կամ տոկոսային վերլուծությամբ գուցե այնքան էլ ընդունելի չէ, սակայն, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մահվան ելքով դեպքերը զինված ուժերում ակնհայտորեն նվազել են և զինվորական դատախազությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել զինված ուժերում հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու, պատժողական համարժեք քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ:
Կարևոր է փաստել նաև, որ 2011թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված ընդհանուր հանցագործությունները 2010թ համեմատ նվազել են շուրջ տաս տոկոսով: Փոխարենը ավելի քան կրկնակի աճել է պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը: Այսպես. եթե 2010 թվականի պետության շահերի պաշտպանության նկատառումներով կատարվել է 301 ուսումնասիրություն, և պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 430 մլն 266 հազար դրամ, ապա 2011 թվականին զինվորական դատախազությունը կատարել է 591 ուսումնասիրություն, որի արդյունքում վերականգնված վնասը կազմել է 933 մլն 895 հազար դրամ:
Հանցագործությունների թվի նվազումը ուղղակիորեն պայմանավորված է նաև ՀՀ զինվորական դատախազության և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված և իրականացվող համակարգային բնույթի հետևողական աշխատանքներով, որոնք իրենց հիմքում ունեն օրենքի առջև բոլորի հավասարության, ցանկացած իրավախախտման, այդ թվում' հանցագործության նկատմամբ անհանդուրժողականության և անպատժելիության մթնոլորտի բացառման սկզբունքները: Այդ նպատակով իրականացվում են համատեղ գործնական-կանխարգելիչ և օրենսդրական բնութի միջոցառումներ, որոնք երկարաժամկետ հա-մակարգային առումով հանգեցնելու են զինված ուժերում կարգապահության բարձրացմանն ու, հետևաբար, հանցավորության մակարդակի կայուն և հաստատուն նվազմանը:
Ի թիվս այլ միջոցառումների' հատկապես կարելի է առանձնացնել դեռևս 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինվորական դատախազի կողմից նախաձեռնված ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի և ՀՀ քրեական օրենսգրքի զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում փոփոխություններ կատարելու գործընթացը, որոնցով մասնավորապես սահմանվել են կարգապահության բարձրացմանն ու հանցավորության նվազեցմանն ուղղված առանձին կանոնակարգումներ, ներառյալ, բայց չսահմանափակված, նոր հանցատեսակների և պատժատեսակների սահմանում, կարգապահական խախտումների որոշակիացում և հստակեցում, ինչպես նաև' կարգապահական նոր արդյունավետ միջոցառումների ներդնում:
Վստահեցնում ենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության և այլ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև հասարակության աջակցությամբ, 2012թ ևս շարունակելու է հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրականացվող գործընթացը:
ՀՀ գլխավոր դատախազություն
Աղբյուր՝ www.hra.am