NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ո՞ւմ է նկատի ունեցել ոստիկանապետը՝ հելսինկյաններ ասելով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի: Նախնական դատական նիստը նշանակված է հունվարի 24-ին՝ ժամը 15:00-ին (դատավոր՝ Ալեքսեյ Սուքոյան):
Կազմակերպությունը հայց էր ներկայացրել ոստիկանապետի դեմ 2011թ. նոյեմբերին՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով:
ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը ոստիկանապետից պահանջում է կազմակերպությանը և ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորելու և զրպարտելու համար հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում վճարել սիմվոլիկ գումար՝ 20 (քսան) ՀՀ դրամ:
Դեռ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում՝ անցյալ տարվա հոկտեմբերին, Վլադիմիր Գասպարյանը «Զինուժ» հաղորդաշարին և «Հրապարակ» թերթին տված հարցազրույցներում հնչեցրել է արտահայտություններ, որոնք, ըստ Արթուր Սաքունցի, պարունակում են վիրավորանք և զրպարտություն:
«Հրապարակ»-ում հոկտեմբերի 17-ին տպագրված «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» նյութում Վլ.Գասպարյանն ասել է. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու...: Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
Հայցի պատասխանում Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը ներկայացրել է իրենց փաստարկները: Սաքունցի փոխանցմամբ՝ պատասխանում ոստիկանապետի ներկայացուցիչը հերքում է, որ հելսինկյանների հասցեին ասվածը վերաբերում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին: «Ասում է՝ Հելսինկին Ֆինլանդիայի մայրաքաղաքն է, հետո գրում է, որ հնչեցված կարծիքը չի վերաբերում կոնկրետ անձի կամ կազմակերպությանը: Կարճ ասած՝ Վովա Գասպարյանի ներկայացուցիչն իր պատասխանում ասում է, որ ձեզ չի վերաբերվել տարածված տեղեկատվությունը: Այսնինք՝ ինքը հենց էնպես, ընդհանուր խոսել է, և մենք իզուր տեղն ենք վրդովվել»,- www.hra.am -ին ասաց Սաքունցը:
Հոկտեմբերի 15-ին «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում Վլ. Գասպարյանն ասել է. «Ո՞նց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ո՞նց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է՝ ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են»:
Ասվածին ի պատասխան՝ Սաքունցը հայտարարում է. «Եթե ինքը «հելսինկյան կազմակերպությունների» ասելով նկատի ունի Ֆինլանդիայի մայրաքաղաքը, ես էլ ասում եմ, եթե Վովա Գասպարյանի հրապարակավ հնչեցրած կարծիքը վերաբերվում է Հայաստանի իրավապաշտպան որևէ կազմակերպությանը, ուրեմն ինքը անհայրենիք է, դավաճան է ու, ընդհանրապես, հանցագործ է իրավապաշտպանների նկատմամբ, եթե, նորից եմ կրկնում, իր կարծիքը վերաբերում է մեզ»:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմումը ներկայացրել է ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան նոյեմբերի 10-ին: Սակայն գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի ծառայողական հասցեով:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am