NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հրապարակը» կապացուցի մեկնաբանությունների իսկությունը, Ա. Գրիգորյանը՝ իր կրած վնասը

Հունվարի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Խանդանյան) ավարտվեց «Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով նախապատրաստական մասը, և գործը մտավ դատաքննության փուլ։
Հիշեցնենք, որ փաստաբան Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր թերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում դեռևս օգոստոսին տեղադրված հոդվածի տակ ընթերցողների թողած մեկնաբանություններից: Փաստաբանը 18 միլիոն դրամ է պահանջում իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Ըստ հայցի՝ ընթերցողների մեկնաբանություններից յուրաքանչյուրը պարունակում է զրպարտություն և վիրավորանք։
Արթուր Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն այսօրվա նիստին դատարանին ներկայացրեց հայցապահանջը, և ավելացրեց, որ, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի 2011թ. նոյեմբերի 15-ի որոշումը, օրաթերթին սնանկացման չենթարկելու համար առաջարկում է պատասխանողից բռնագանձել 18 միլիոն դրամը՝ ամսական 250 հազար ՀՀ դրամի չափով։
«Հրապարակի» ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը նշեց, որ ամբողջությամբ առարկում են հայցապահանջը։
Դատավոր Խանդանյանը որոշեց, որ մեկնաբանությունների իրականությանը համապատասխանելը պետք է ապացուցի «Հրապարակ» օրաթերթը, իսկ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ այդ հրապարակումների հետևանքով վնաս է կրել։
Գևորգ Գևորգյանը կարևորեց դատաքննության ընթացքում նաև այլ փաստերի ապացուցումը. ի՞նչ է մեկնաբանությունը ինտերնետում, պատասխանողն ունի՞ մեկնաբանություների սահմանափակման պարտականություն, պատասխանողն իրավասո՞ւ է գնահատել մեկնաբանությունները որպես վիավորանք կամ զրպարտություն, արդյո՞ք ընկերությունը վիրավորանք հասցրած և զրպարտություն կատարողն է։ Դատաքննության ընթացքում այս հանգամանքների ապացուցումը պետք է ապահովի «Հրապարակ» օրաթերթը։
Դատավոր Խանդանյանն այօսր որոշեց նաև դատաքննության ընթացքը. դատարանը կլսի հայցվորին, հետո՝ պատասխանողին, այնուհետև կհետազոտի փաստերն ու ապացույցները։ Դատաքննությունը կսկսվի փետրվարի 24-ին՝ ժամը 12։00-ին։
Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am