Թեղուտի պաշտպանության խումբը սկսում է նոր արշավ

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 15-ին կազմակերպում է ճանաչողական արշավ-ակցիա դեպի Թեղուտ: Բնապահպանական ակտիվիստներն այսպիսով սկսում են գործողությունների նոր շարք՝ Թեղուտի անտառի փրկության համար: Թեղուտում նախատեսվում է մոտ 4 կիլոմետր քայլարշավ:   

«Մեր արշավի նպատակն է Թեղուտի խնդրով մտահոգ քաղաքացիներին տանել, տեղում ծանոթացնել իրավիճակին, որ մարդիկ միայն ֆեյսբուքյան ստատուսներից չիմանան, այլ գնան, իրենց աչքերով տեսնեն անտառը, շրջակա գյուղերը և հանքային ավերը»,- ասում է բնապահպանական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը՝ կարևորելով հատկապես քայլարշավը:

Թեղուտի անտառը գտնվում է Լոռու մարզում: 2007թ. հաստատված Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը բնապահպանները համարում են խիստ վտանգավոր: Նրանք ահազանգում են, որ հանքարդյունաբերության հետևանքով կվերանա և կթունավորվի ավելի քան 1500 հեկտար էկոհամակարգ: Թեղուտում կառուցվելու է կովկասյան տարածաշրջանի ամենամեծ պոչամբարը' 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով, որոնք եթե օդի, ջրի, հողի միջոցով թափանցեն մարդու օրգանիզմ, կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ:

Շուրջ 70 հա անտառ արդեն հատվել է: Ներկայումս ընթանում է հանքի ենթակառուցվածքների շինարարությունը: Իսկ այս տարվա գարնանը նախատեսվում է սկսել պայթեցումները հանքի տարածքում:

Արշավ-ակցիայի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Աղբյուրը՝ www.hra.am