Երկու վճիռ՝ ընդդեմ կրոնական կազմակերպության առաջնորդի

Դեկտեմբերի 12-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սևանի կրոնական կազմակերպության ղեկավար Վլադիմիր Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը: Հոգևոր հովիվը պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով իրեն մեղավոր են ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար:

Դեկտեմբերի 20-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Վլադիմիր Բաղդասարյանի կողմից ներկայացված մեկ այլ հայց՝ «Շանթ» հեռուստաընկերությունից հերքում պահանջելու վերաբերյալ: Կրոնական կազմակերպության առաջնորդը պահանջում էր հերքել եթեր գնացած այն տեղեկատվությունը, թե իբր Վ.Բաղդասարյանը խոչընդոտել է լրագրողների աշխատանքը և հարվածել օպերատորին, քանի որ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը դեռ դատարանում է և չկա օրինական ուժի մեջ մտած վճիռ:

Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերին «Շանթ»-ի նկարահանող խումբը (լրագրող՝ Արփի Սուքիասյան, օպերատոր՝ Էդուարդ Պետրոսյան) մտել էր Սևանի նախկին կինոթատրոնի շենք, որը մասնավոր սեփականություն է, առանց պատշաճ ներկայանալու և թույլտվություն ստանալու նկարահանել էր կրոնական կազմակերպության անդամներին։ Շենքի համասեփականատեր Վլադիմիր Բաղդասարյանը, ով Սևանի «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» կրոնական կազմակերպության առաջնորդն է, նրանց շենքից դուրս է հրավիրել, սակայն լրագրողները չեն ենթարկվել: Արդյունքում վիճաբանություն էր առաջացել, որի ընթացքում, «Շանթի» օպերատորի խոսքերով, Վ. Բաղդասարյանը քաշքշել ու ապտակել է իրեն։

Այս մասին պատմող տեսանյութը «Շանթը» եթեր էր հեռարձակել, որի հիման վրա դատախազությունը քրեական գործ է հարուցել Վլադիմիր Բաղդասարյանի դեմ՝ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Իսկ Բաղդասարյանը ոստիկանություն էր դիմել մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը խախտելու հիմքերով, սակայն հողարդմանը ընթացք չի տրվել:

Դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց կայացրած վճիռը, որով ուժի մեջ թողեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. հուլիսի 13–ի վճիռը: Առաջին ատյանի դատարանը Վլադիմիր Բաղդասարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար և նշանակել 200 հազար դրամ տուգանք: Միևնույն ժամանակ դատարանը համաներման ակտն է կիրառել և Բաղդասարյանին ազատել է պատժի կրումից:

Դեռևս հունիս ամսին «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» հոգևոր հովիվը դիմել էր «Շանթ» հեռուստաընկերությանը՝ հերքում պահանջելով: Սակայն, Բաղդասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքերով, «Շանթը» որևէ կերպ չի արձագանքել:

Օգոստոսին Վլադիմիր Բաղդասարյանը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Շանթին» հերքել հրապարակված տեղեկատվությունը, որը խախտում է իր անմեղության կանխավարկածը: Հայցվոր կողմը հերքում է պահանջել, քանի որ դեռ չկա ուժի մեջ մտած դատավճիռ, որը կհաստատի, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է: Հայցի մեջ ընդգծված է նաև, որ Բաղդասարյանը թույլ չի տվել իրեն նկարահանել, առավել ևս՝ այդ կադրերը եթեր հեռարձակել:

«Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանի գրեթե բոլոր դատական նիստերը «Շանթը» լուսաբանել է և միշտ հնչեցնում էին, որ իմ պաշտպանյալը խոչընդոտել է իրենց նկարահանող խմբի աշխատանքները, նրան ներկայացնում էին որպես հանցագործ և առանց թույլտվության նկարահանած կադրերն էին ցույց տալիս, որն ազդեց դատավարության ելքի վրա և հասարակության մեջ կարծիք էր ստեղծում, թե նա հանցագործ է»,- www.hra.am –ին ասաց Ռևազյանը՝ հավելելով, որ լուսաբանումը եղել է մեղադրական բնույթի և միակողմանի:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ հեռուստաընկերությունը գործել է օրենքի շրջանակներում և չի խախտել անմեղության կանխավարկածը:

«Ստացվում է, որ դատարանը արդեն որակում է տվել, որ Բաղդասարյանը խոչընդոտել է լրագրողի օրինական գործունեությունը, մինչդեռ օրինական ուժի մեջ մտած որոշում դեռ չկա: Դատարանն ինքն է արդեն իսկ խախտել անմեղության կանխավարկածը»,- կարծում է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Հեռուստաընկերության շահերի պաշտպան Արամ Կարախանյանը «Շանթ»-ին տված մեկնաբանության մեջ ասել էր, որ լուսաբանելիս լրագրողը նշել է, որ դա ընթացող դատավարություն է և Բաղդասարյանի գործողություններին որևէ որակում չի տվել: «Ընդամենը բառերով նկարագրել էր այն գործողությունները, որոնք Բաղդասարյանը կատարել էր փաստացի, մասնավորապես՝ խոսչընդոտել էր նկարահանող խմբի աշխատանքները»,- ասել է Կարախանյանը:

Հայցվոր կողմը մտադիր է վերադաս դատական ատյաններում բողոքարկել դեկտեմբերին կայացված երկու վճիռները:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am