Քաղաքական գործիչը պետք է ունենա հաստ մաշկ և չպետք է վիրավորվի հնչող կարծիքներից. պրոֆեսոր Վու Քուք Դունգ

Դեկտեմբերի 19-ին Երևանում խոսքի ազատության՝ իրավունքների և սահմանափակումների, եվրոպական փորձն էր ներկայացնում պրոֆեսոր Վու Քուք Դունգը՝ «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» միջազգային կառույցի գլխավոր քարտուղարը։

Պրոֆեսոր Վու Քուք Դունգը նախ հետաքրքրվեց Հայաստանում խոսքի ազատության ընդհանուր իրավիճակին, մասնավորապես՝ ովքեր են իշխում մեդիա ոլորտում, կան արդյոք օրենսդրական սահմանափակումներ խոսքի ազատության ոլորտում, եղել են կամ այժմ կան բանտարկված լրագրողներ և այլն: Այնուհետև, բանախոսը մանրամասն ներկայացրեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը և դրա 3 հիմնադրույթները, մասնավորապես՝ տեղեկատվություն և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքները:

«Նույնիսկ եթե որևէ երկրի կառավարություն հովանավորում է մեդիա ոլորտի որևէ ճյուղ, ապա հետևելով վերոնշյալ հոդվածին և դրա հիմնադրույթներին, պետք է, այնուամենայնիվ, չսահմանափակի տվյալ լրատվամիջոցի գործունեությունը` թույլ տալով նրան ներկայացնել այնպիսի ինֆորմացիա, որը ճշմարիտ է և բազմակողմանի տեղեկատվություն է տրամադրում հասարակությանը` պահպանելով մարդկանց` տեղեկատվություն ստանալու իրավունքը»,– ասում է պրոֆեսոր Վու Քուք Դունգը:

«Սակայն, չպետք է մոռանալ նաև, որ 19-րդ հոդվածում առկա են դրույթներ, համաձայն որոնց պետք է հարգել մյուսների արժանապատվությունն ու իրավունքները և հարգել ազգային անվտանգությունը կամ հասարակական կարգուկանոնը, առողջությունն ու բարոյականությունը»,– նշեց պրոֆեսորը՝ ավելացնելով, որ այս սահմանափակումը կարող է գործել միայն այն դեպքերում, երբ սահմանափակումը համապատասխանում է օրենքին, ձգտում է որևէ նպատակ պաշտպանել:

«Սակայն ոչ մի սահմանափակում չպետք է հիմնավորվի կրոնի, ավանդույթի կամ սովորությունների հետ կապված այլ պատճառաբանություններով, հակառակ դեպքում ներկայիս սահմանափակումներին բազմաթիվ նորերը կավելանան և խառնաշփոթ կստեղծվի»,– նշեց պարոն Դունգը:

Մեր այն դիտարկմանը, որ Հայաստանում մամուլի դեմ դատական գործերն այս տարի կտրուկ ավելացել են և քաղաքական գործիչները հիմնականում մեղադրում են ԶԼՄ–ներին զրպարտության համար, Դունգը ևս մեկ անգամ շեշտեց, որ. «եթե զրպարտվում են քաղաքական գործիչները, ապա նրանք պետք է ավելի հանդուրժող լինեն և այդուամենայնիվ, չսահմանափակեն լրագրողների գործունեությունը, քանի որ եթե լրագրողն ունի արտահայտվելու մեկ աղբյուր, քաղաքական գործիչներն ունեն բազմաթիվ աղբյուրներ իրենց դժգոհությունն արտահայտելու համար: Քաղաքական գործիչը պետք է ունենա հաստ մաշկ և չպետք է վիրավորվի հնչող կարծիքներից»:

Իսկ www.hra.am-ի այն հարցին, թե ինչպես պետք է վարվել, երբ զրպարտվում է ոչ քաղաքական գործիչը, և դա տեղի է ունենում, օրինակ՝ կայքէջերում, նա նշեց. «Մենք դա անվանում ենք համբավի արատավորում։ Մեր կազմակերպությունը շատ անգամ զոհ է եղել նման դեպքերի: Սառը պատերազմի ժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը պատվիրում էր լրատվամիջոցներին, որպեսզի մեր կազմակերպության մասին վատ բաներ գրեին: Մենք դատարան գնացինք, և որոշ դատարաններ ասացին, որ քանի որ ապացույցներ չկան մեր կազմակերպության մասին գրած բացասական տեղեկատվության համար, ապա պետք է արգելել նրանց գրել նման բաներ: Իսկ մյուս դատարանները ասացին, որ դրանք պարզապես կարծիքներ են: Այսինքն, անհրաժեշտ է, որպեսզի կարծիքն արտահայտելիս այն հնչի որպես պարզապես կարծիք և ոչ՝ գնահատական»:

Երբ ավելի մասնավորեցրինք՝ ներկայացնելով «Փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործը, պրոֆեսորը նշեց. «Ծիծաղելի է, ինչու պետք է թերթը պատասխանատվություն կրի քաղաքացիների մեկնաբանության համար, այն էլ կայքէջում և հատկապես մեր օրերում ինտերնետի լայն կիրառության դեպքում»:

Մասնակիցների հնչեցրած հարցին, թե զրպարտության մասին նախազգուշացնելուց հետո մեկնաբանությունը կայքից 24 ժամվա ընթացքում չհանելը չի նշանակում արդյոք համաձայնություն այդ կարծիքի հետ, բանախոսը նշեց, որ եթե գրված մեկնաբանություններում թերթի խմբագրությունը չի գրում, որ համամիտ է այդ կարծիքի հետ կամ թերթի խմբագրությունը ինքը չի արտահայտում նման կարծիք, ապա թերթին դատի չպետք է տալ ուրիշի կարծիքի համար:

«Պատկերացրեք, մի դիկտատոր գնար Գերմանիա ու հանդիպեր, օրինակ՝ ցուցարարների, ովքեր բողոքում են իր դեմ և պահանջեր բանտարկել նրանց բոլորին: Սա դիկտատուրայի հոգեբանություն է, երբ կարող են իրենց երկրում ամեն ինչ արգելել, սակայն ոչ Գերմանիայում, քանի որ Գերմանիայում նույնիսկ ցույցը չեն կարող արգելել, ուր մնաց խոսքի ազատ արտահայտումը: Բարեբախտաբար, դուք էլ արդեն մեկ քայլ առաջ եք արել, և զրպարտության մասին օրենքը քրեական դաշտից տեղափոխել եք քաղաքացիական դաշտ, պարզապես պետք է շարունակել ավելի հստակեցնել ազատության և զրպարտության սահմաններն այդ օրենքի մեջ»,– կարծում է պրոֆեսոր Վու Քուք Դունգը :

«Խոսքի ազատություն. իրավունքներ և սահմանափակումներ. եվրոպական փորձ» թեմայով, դասախոսություն–քննարկումը կազմակերպել էր «Մարդու իրավունքների միջազգային հանրություն. Հայաստան» ՀԿ–ն։

Հ.Գ. Պրոֆեսոր Վու Քուք Դունգը «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» միջազգային կառուցի գլխավոր քարտուղարն է: Կազմակերպությունը հիմնադրվել է 1982թ.-ին «Ավստրալիայի մարդու իրավունքների հասարակություն» անվանումով, երբ հնդկաչինական փախստականները տածարաշրջանում մարդու իրավունքների ոլորտում լուրջ խնդիրներ էին առաջացնում: Կազմակերպությունը երեք հիմնական նպատակներ ունի` մարդու իրավունքների պաշտպանություն, փախստականներին օգնության տրամադրում և հասարակության զարգացման աջակցում:

Սոֆյա Մանուկյան

Աղբյուր` www.hra.am