Ցմահ դատապարտված երիտասարդները հացադուլ են հայտարարել

Դեկտեմբերի 17-ին Էմիլ Վերդյանը հացադուլ է հայտարարել. նա բողոքում է դատարանների վճիռների դեմ: Է. Վերդյանը տեղափոխվել է առանձին խուց և գտնվում է բժիշկների հսկողության տակ. այս մասին տեղեկացնում է  Արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոնը։

ՀՀ ԱՆ ՔԿՎ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ, 30-ամյա Էմիլ Վերդյանը 2008թ. հոկտեմբերին դատապարտվել է ցմահ ազատազրկման (ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,5,7,8 կետերով և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով):

2011թ.  հոկտեմբերին Է. Վերդյանը դիմել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարան՝ իր քրեական գործը վերանայելու խնդրանքով: Դատարանը մերժել է Է. Վերդյանի դիմումը: Երևանի քրեական վերաքննիչ դատարան ուղարկված Է. Վերդյանի մյուս դիմումը թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառով:

Դեկտեմբերի 7-ից հացադուլ է հայտարարել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ  դատապարտյալ Արթուր Մկրտչյանը։ «Արթուր Մկրտչյանը հացադուլ հայտարարելու առաջին իսկ օրից գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- հաղորդում է Արդարադատության նախարարությունը:

Մայիսի 25-ին ուժի մեջ մտավ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի մեջ կատարվեց փոփոխություն, ըստ որի՝ որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարին՝ նախկինի 15 տարվա փոխարեն: Ցմահ ազատազրկման դատապարտվածների պարագայում այս օրենքը նախատեսում է բարելավում, իսկ բարելավում նախատեսող օրենքներն ունեն հետադարձ ուժ: Օրենքի փոփոխությունների հիմնավորման մեջ նշվում է, որ հաճախ 15 տարին մեղմ պատիժ է, իսկ ցմահը՝ ծանր: Որոշ իրավաբաններ ասում են, որ ցմահ դատապարտյալների մասով սա միանշանակ մեղմացում է, հետևաբար, պիտի ունենա հետադարձ ուժ:

42 ցմահ դատապարտյալ դիմել է առաջին ատյանի դատարաններ, գործերը վերանայվել են, սակայն պատժաչափերը մնացել են անփոփոխ՝ ցմահ դատապարտություն:

Աղբյուրը՝ www.hra.am