Համապատասխան պատժի պահանջ

Դեկտեմբերի 12-ին գլխավոր դատախազության շենքի մոտ էին հավաքվել մի խումբ ակտիվիստներ՝ պահանջելու արդար դատավարություն երկու աղջիկների նկատմամբ սահմռկեցուցիչ բռնություններ իրականացրած ընտանիքի անդամների նկատմամբ։ Դավիթ Զիրոյանն անասելի բռնությունների է ենթարկել իր առաջին կնոջը, ում մի աչքը հարվածների արդյունքում կուրացել է, իսկ նրա երկրորդ կինը՝ հազիվ է փրկվել. նրա մարմնի վրա կան խոշտանգման բազմաթիվ հետքեր։ Այս բռնություններին մասնակցել է նաև Դավիթ Զիրոյանի մայրը՝ Հայկանուշ Միքայելյանը։

2010թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքում Դավիթ Զիրոյանի առաջին և երկրորդ կանանց բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել և կատարվել է նախաքննություն: Սակայն մեղադրյալների գտնվելու վայրի անհայտության պատճառով գործը կասեցվել է։ Հետագայում՝ 2011թ. սեպտեմբերի 19-ին, քննիչ Արթուր Ավետյանը, հիմք ընդունելով «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու» մասին ՀՀ ԱԺ 25.05.2011թ. որոշումը, Դավիթ Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է։

«Հետք» թերթը երկու հոդված է հրապարակել, որտեղ երկու աղջիկները պատմում են, թե ինչպիսի բռնությունների են ենթարկվել ամուսնու և սկեսուրի կողմից. «Սահմռկեցուցիչ պատմություն. արժանի հատուցումը բացառվո՞ւմ է» և «Առաջին զոհը (Սահմռկեցուցիչ պատմություն-2)»։  Այնուհետև «Հետք»-ի խմբագիրը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝  հանցագործներին արժանի պատժի ենթարկելու ակնկալիքով։

«Խնդրում ենք ձեր անձնական վերահսկողությունը քրեական գործի նկատմամբ, ինչի պարագայում քննիչ Արթուր Ավետյանի կամ գործի նկատմամբ դատախազական վերահսկողություն իրականացնող Արսեն Արսենյանի կամայականության (կամ ոչ բավարար իրավական գիտելիքների) պատճառով մեղադրյալների արարքներին քրեաիրավական սխալ որակումներ չեն տրվի, ինչն էլ իր հերթին կբացառի, որ վերջիններս համաներվեն կամ պատժվեն այնպիսի հոդվածներով, որոնք համեմատաբար մեղմ պատիժ են սահմանում»,- ասված է բաց նամակում։

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դեպքի առթիվ նամակ է ուղարկել նաև Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան՝ նշելով, որ դատախազությունը պարտավոր է առավելագույն զգոնությամբ վերահսկել նախաքննության ընթացքը ՝ կոռուպցիոն ռիսկը կանխելու և օրինականության սկզբունքը պահպանելու համար:

Գլխավոր դատախազությունից այսօր տեղեկացրել են, որ գործը վերանայվում է, և մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ Դավիթ Զիրոյանի մայրը՝ Ռուսաստանում կալանավորված Հայկանուշ Միքայլեյանը, այսօր Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով կբերվի Հայաստան։

Ակցիայի մասնակիցները պարզել էին տարբեր պաստառներ՝ կոչ անելով վերջ տալ կանանց նկատմամբ կիրառվող բռնություններին:

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լառա Ահարոնյանը նշեց, որ իրենք շարունակելու են պայքարն այնքան ժամանակ, մինչև գործով տուժողները հասնեն իրենց ցանկալի արդյունքին: Մարիամը չպետք է իրեն մենակ զգա: Բացի դրանից՝ սա ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ հասարակության խնդիրն է, որովհետև այժմ միայն Մարիամն է իր մեջ ուժ գտել խոսելու, բայց բռնության ենթարկվող կանայք բազմաթիվ են:

Նկարը՝ Հետքի

Աղբյուրը՝ www.hra.am