Թռչկանի ջրվեժը՝ պետական հատուկ պահպանության տարածք

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով՝ Թռչկանի ջրվեժին տրվել է պետական հատուկ պահպանության տարածքի կարգավիճակ. այս մասին հայտարարել է  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ կառավարության նիստի ժամանակ:

Այսինքն Թռչկանում ՀԷԿ կառուցելու ծրագիրը պաշտոնապես կասեցվել է։ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամների պայքարը արդյուքն տվեց։ Նախաձեռնության անդամները Թռչկանի ջրվեժի մոտ վրաններում հերթապահում էին և քաղաքում բողոքի այլ ակցիաներ իրականացնում՝ ի պահպանություն ջրվեժի։

«Բնապապանության նախարարությունն ուսումնասիրել է խնդիրը և Հանրապետության Նախագահի հանձնարարականով կայացրել որոշումներ, որոնց համաձայն՝ մենք այդ ռիսկերը չեզոքացրել ենք։ Չնայած դրան՝ բնապահապանները խորհրդի նիստում բարձրացրեցին մեկ հարց։ Որպեսզի ապագայում էլ ջրվեժին վտանգ չսպառնա, նրանք առաջարկում են հստակ կարգավիճակ տալ այդ հողատարածքին, այդ հատվածին։ Այդ պարագայում արդեն նաև պետության կողմից երաշխավորված կլինի, որ ապագայում էլ որևէ վտանգ չի սպառնա ջրվեժին և այն ջրային ռեսուրսները, որոնք առկա են, այլ նպատակով չօգտագործվեն»,- ասել է վարչապետը նիստի ժամանակ:

Որոշվել է կառավարության այսօրվա որոշումով համապատասխան հանձնարարականներ տալ փոխվարչապետին, որպեսզի բոլոր համապատասխան փաստաթղթերը և համաձայնություններն ի կատար ածվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Հիշեցնենք, որ «Ռոբշին» ՍՊԸ-ին 2009-2010 թթ. տրվել էր բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն ջրվեժի վրա, անմիջական բացասական ազդեցության գոտում, 1 Մգվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կառուցելու թույլտվություն:

Կարինե Իոնեսյան
Լուսանկարը՝ Էդգար Մարուքյանի
Աղբյուրը՝ www.hra.am