Վարչական դատարանը մերժեց տեսողական խնդիր ունեցող Արտակ Բեգլարյանի բողոքը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչական դատարանը (դատ.՝ Արգիշտի Ղազարյան) վճռեց մերժել Արտակ Բեգլարյանի հայցադիմումը։

Արտակ Բեգլարյանը պահանջում էր վերացնել ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ իր դիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը և փոխհատուցել պատճառած բարոյական վնասը:

Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը 2011 թ. հունվարի 26-ին դիմել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) դիվանագիտական դպրոցում սովորելու համար, սակայն ԱԳՆ-ում մերժել են ընդունել դիմումի փաստաթղթերը: Այդ որոշումը ԱԳՆ պաշտոնատար անձինք բանավոր կերպով հիմնավորել են հայցվոր Արտակ Բեգլարյանի կույր լինելու փաստով և 13/02/2002թ.-ի ՀՀ կառավարության թիվ 121 որոշմամբ նախատեսված վիճարկելի սահմանափակումներով:

ԱԳՆ ներկայացուցիչը պնդում էր, որ ԱԳՆ-ն այս գործով չի կարող պատասխանող հանդես գալ, քանի որ հայցվորի վերաբերյալ որևէ վարչական ակտ չի ընդունել և պատասխանատվություն չի կրում Դիվանագիտական դպրոցի՝ դասընթացի մասնակցության մրցույթի հետ կապված գործողությունների համար:

Այսօր դատական նիստից բացակայում էին գործում ներգրավված բոլոր կողմերը. հայցվոր Արտակ Բեգլարյանը գտնվում է արտերկրում, նրա ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը, պատասխանողի՝ ԱԳՆ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը և մյուս պատասխանողի՝ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:

Սոֆյա Մանուկյան
Աղբյուրը՝ www.hra.am