Դատարանում մեկ տեղեկանքն է կորում, մեկ՝ ձայնագրությունը փչանում

Հոկտեմբերի 11-ին կհրապարակվի Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով վերաքննիչ վճիռը:

Հոկտեմբերի 6-ին ավարտվեց գործի քննությունը։ Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, որպեսզի դատարանը ուսումնասիրի ապրիլի 20-ի նիստի ձայնագրությունը և պարզի՝ գործից բացակայող «Տեղեկանքը» գործին կցված եղե՞լ է, թե՞ ոչ:

«Ժամանակ» օրաթերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի պնդմամբ՝ Քոչարյանների փաստաբանի կողմից ներկայացված այդ տեղեկանքն ունի գրեթե նույն բովանդակությունը, ինչ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:

Հոկտեմբերի 6-ին կայացած նիստի ժամանակ դատարանը հայտարարել է, որ ծանոթացել է նիստի ձայնագրությանը և տեղեկանքի մասին այնտեղ չի խոսվում:

Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի դատավորը «ճիշտ չի ասում»: Ըստ փաստաբանի՝ նիստի ձայնագրության մեջ հենց այն մասում, որտեղ խոսվում է տեղեկանքի մասին, խշշոց է մտցվել:

«Ապրիլի 20-ի նիստի ձայնագրությունից երևում է, որ դատավորի լսափողի արձանագրության մեջ «պամեխ» է մտցրած, ընդհանրապես չի լսվում դատավորն ինչ է ասում: Իրենք չէին կարող լսել դատավորն ինչ է ասում զուտ այն պատճառով, որ խշշոց է գալիս: Բայց 5-րդ լսափողից՝ իմ լսափողից, արված ձայնագրության ձայնը ես համակարգչային տեխնիկայով բարձրացրել եմ և այնտեղ լսվում է, որ այդ փաստաթուղթը դատական նիստի ժամանակ ես հրապարակում եմ՝ որպես գործին կցված փաստաթուղթ, և դատավորն էլ արձագանքում է, որ ինքը ծանոթ է այդ փաստաթղթին»,- www.hra.am -ին ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը նաև միջնորդություն է ներկայացրել, որպեսզի գործը կասեցվի և ինքը դիմի ՀՀ Սահմանադրական դատարան: Միջնորդությունը դատարանը մերժել է: Փաստաբանի խոսքերով՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածը անորոշ է ձևակերպում «վիրավորանք» հասկացությունը և փոխհատուցման չափը, ինչը տարաբնույթ մենկաբանությունների տեղիք է տալիս: Դատական երկու ատյաններն էլ մերժել են փաստաբանի՝ այս հարցով Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am