Համաներումը ՔԿՀ գերբնակեցման խնդիրը կլուծի կիսով չափ

«Ես կոչ եմ անում դատապարտյալներին դատական գործեր սկսել Հայաստանի Հանրապետության դեմ իրենց անմարդկային պայմաններում պահելու համար»,- հունիսի 2-ին «Հենարան» ակումբում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա առաջնային է համարում քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) գերբնակեցման խնդիրը, որը Եվրադատարանի նախադեպային որոշումներից մեկով (Կալաշնիկովն ընդդեմ ՌԴ) նույնիսկ որակվել է խոշտանգում։

Համաներումը ՔԿՀ գերբնակեցման խնդիրը կլուծի կիսով չափ։ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի ներկայացրած տվյալներով՝ Հայաստանի ՔԿՀ-ներում պահվում է դատապարտված և կալանավորված 5100 անձ, որը մոտ 800-ով ավելի է թույլատրելի չափից։

«Գերբնակեցում իրոք կա, բայց շատ դեպքերում գերբնակեցումը չափազանցվում է, ասվում է, որ դատապարտյալները հերթով են քնում և այլն, այսօր չունենք նման բան: Մեկ դեպք, որ կա' «Նուբարաշենի» գերբնակեցումը, բայց  չի կարելի այդ մեկ դեպքը վերագրել ՔԿՀ ողջ համակարգին»,- ասում է Բաբայանը։ Նրա խոսքերով՝ «Նուբարաշենում» պահվում են նախատեսվածից 200-ով ավելի դատապարտյալներ՝ մոտ 1400 հոգի։

ՔԿՀ-ների հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արթուր Սաքունցը վստահեցնում է, որ վերջին երեք տարիների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում խնդիրները շատացել են։ Գերբնակեցումից բացի նա մատնանշում է արտաքին կապի, զբոսանքի և ազատ ժամանցի խնդիրները, պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի սուբյեկտիվ որոշումները։ «Հանձնաժողովի որոշումները դատապարտյալների համար հասկանալի չեն, իրավական առումով ևս հիմնավորումներ չեն ներկայացվում, և այստեղ առկա է սուբյեկտիվ մոտեցում»,- ասում  է նա և ավելացնում, որ նշված խնդիրներին իր զեկույցում անդրադարձել է նաև Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը։

«Մինչ օրս դատապարտյալներից չունենք ոչ մի բողոք՝ զբոսանքի կամ զանգերի հետ կապված»,- վստահեցնում է Արսեն Բաբայանը։ Իսկ Սաքունցը հավելում է, որ դա այն պատճառով է, որ նրանք ունեն և օգտագործում են բջջային հետախոսներ, ինչը չի թույլատրվում։ Սրանից իրավապաշտպանը եզրակացնում է, որ հսկողությունը բավարար չէ։ Իսկ Բաբայանը, ընդունելով, որ բջջային հեռախոսների հարցը լուրջ է, նշում է, որ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում։

Ըստ Արթուր Սաքունցի՝ 2009-ի համեմատ 2010-ին ավելացել են մահացության դեպքերը՝ 7-ից դառնալով 35։ Դա իրավապաշտպանը կապում է պահման վատ պայմանների հետևանքով առաջացած առողջական խնդիրների հետ։

Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ներկայացրած տվյալներով՝ մոտ 5100 դատապարտված և կալանավորված անձնացից 140-ը կին են, 17-ը' անչափահաս, 20-ը' նախնական կալանքի տակ գտնվող անչափահաս:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am